19.03.2026
Ալիևի մարդը՝ Հայաստանը հատակին պահելու երաշխավորը
prev Նախորդ նորություն

Ինչո՞ւ է իշխանությունը մանևրում Կարապետյանի գործով. Սուրենյանց

Լուսանկարը` primeminister.am
Լուսանկարը` primeminister.am

Նախընտրական գործընթացներն ու ընդդիմադիր դաշտի վերադասավորումները շարունակում են մնալ հայաստանյան ներքաղաքական օրակարգի առանցքում։ Ի՞նչ ազդեցություն ունեն իշխանության իրավական գործողությունները քաղաքական հակառակորդների, հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտահարավեր նետած Սամվել Կարապետյանի նկատմամբ, հնարավո՞ր է արդյոք ընդդիմության լիարժեք կոնսոլիդացիա, և արդյոք արտաքին քաղաքական դիսկուրսները վճռորոշ դեր կունենան ընտրողների որոշման հարցում։ Այս և այլ առանցքային թեմաների շուրջ VERELQ-ը զրուցել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ։



 


Լուսանկարում Սուրեն Սուրենյանցն է, աղբյուրը` 168.am


VERELQ. Պարոն Սուրենյանց, որպես քաղաքագետ ինչպե՞ս եք մեկնաբանում տևական ժամանակ Սամվել Կարապետյանին անազատության մեջ պահելը. սկզբում՝ բանտում, այնուհետև՝ տնային կալանքի պայմաններում: Սա իսկապե՞ս նրա ազդեցությունը թուլացնելու, թե՞, մեծ հաշվով, հենց նրան ուժեղացնելու տարբերակ է՝ վերջնական էֆեկտի տեսանկյունից:


Սուրեն Սուրենյանց. Ես կարծում եմ, որ սկզբնական շրջանում այդ անազատությունն ավելի շուտ պատժիչ գործողություն էր, որովհետև նախնական փուլում, այնուամենայնիվ, դժվար էր հաշվարկել, թե ընտրական գործընթացում Սամվել Կարապետյանն ինչպես է դրսևորվելու: Եվ սկզբում իշխանություններն ակնհայտորեն գնում էին հենց ռեպրեսիվ մեթոդների ճանապարհով. եթե հիշում եք, որպես խափանման միջոց ընտրվել էր նախնական կալանքը՝ բավականին խիստ ռեժիմով՝ Ազգային անվտանգության ծառայությունում: Բայց երբ սկսվեց ընտրական գործընթացը, այսինքն՝ նրանց համար պարզ դարձավ, որ Սամվել Կարապետյանը դառնում է գլխավոր գործող անձանցից մեկը, սկսեցին առնվազն տարակուսել, թե ինչպես վարվել խափանման միջոցի հետ։ Հենց այդ ընթացքում էլ ավելի մեղմ խափանման միջոց ընտրեցին՝ հարաբերականորեն մեղմ տնային կալանքը, որն էլի համարժեք չէ այդ մարդու արարքին, բնականաբար, ընդհանրապես համարժեք չէ: Կարծում եմ՝ հիմա իշխանությունն ավելի շուտ այս հարցի հստակ պատասխանը չունի և ինքն էլ է մանևրում. ընտրե՞լ ստորագրությամբ չհեռանալը, թե՞ պահել տնային կալանքի մեջ։ Իսկապես ակնհայտ չէ, թե որ խափանման միջոցն է ավելի շատ ի նպաստ կամ ի վնաս իշխանության աշխատում:


VERELQ. Հասկանալի է: Իսկ հիմա, երբ տարբեր սոցիոլոգիական հարցումներ են պատվիրվում և իրականացվում, ինչպե՞ս եք գնահատում նրա` Սամվել կարապետյանի շանսերը: Նրա ստեղծած ուժն իսկապես ունի՞ երկրորդ տեղում հայտնվելու կամ հաղթելու հնարավորություն։ Ընդհանրապես տեսնո՞ւմ եք նրա մոտ հաղթելու այդ ցանկությունը:


Սուրեն Սուրենյանց. Գիտեք, հարցը երկու շերտից է բաղկացած: Այս ընտրական գործընթացը տարբերվում է մյուսներից նրանով, որ ակնհայտ ընդդիմադիր ֆավորիտ, կարծում եմ, չկա։ Բայց դա չի նշանակում, որ ընդդիմադիր առաջնորդություն չկա, ուղղակի այդ առաջնորդությունը բազմաբևեռ է: Այսինքն՝ կան երեքից չորս ընդդիմադիր կոնսոլիդացիոն կենտրոններ. օրինակ՝ Ծառուկյանի, Սամվել Կարապետյանի, Քոչարյանի, ինչպես նաև Արման Թաթոյանն ունի որոշակի կոնսոլիդացիա իր շուրջ: Սա է այս ընտրական գործընթացի առանձնահատկությունը՝ ընդդիմադիր առաջնորդության բազմաբևեռությունը: Հետևաբար, այս պահին շատ դժվար է միանշանակ կանխատեսել, թե այդ բևեռների կոնֆիգուրացիան ինչպիսին կլինի: Սամվել Կարապետյանի բևեռն, անշուշտ, անխուսափելի առաջնորդող ուժերից մեկն է: Ինչ վերաբերում է հաղթելու ցանկությանը, անկեղծ ասած, չեմ ուզում գնահատական տալ. կարծում եմ՝ այո՛, ցանկություն ունի հաղթելու: Բայց մեկ ուժի հաղթանակի մասին խոսելը ցանկացած դեպքում անիմաստ է, որովհետև իսկապես կարող է կրկնվել այն մոդելը, որը կար Գյումրիում: Այսինքն՝ պետք է լինեն մի քանի ընդդիմադիր ուժեր, դա անխուսափելի է, որովհետև մեկ ընդդիմադիր բևեռը չի կարող հաղթել, նույնիսկ երկու ընդդիմադիր բևեռների հանրագումարը չի բավարարելու: Հաղթանակի դեպքում նոր իշխանությունն այստեղ առնվազն երեք կոմպոնենտ պետք է ունենա:


VERELQ. Հասկացա: Այսինքն՝ նախընտրական հատվածում ընդդիմության կոնսոլիդացիա ֆորմալ առումով, այն է մեկ ցուցակի մեջ, չե՞ք տեսնում, իսկ հետընտրականո՞ւմ հնարավոր է... 


Սուրեն Սուրենյանց. Ո՛չ, դա ուտոպիա է, անհնար և անբնական բան է, իսկ ընտրական գործընթացի տեսանկյունից՝ նույնիսկ վնասակար: Որովհետև միանշանակ չէ, որ ընդդիմադիր մեկ միասնական ցուցակը բերելու է ողջ ընդդիմադիր էլեկտորատի կոնսոլիդացիային: Ընդհանրապես, երբ հասարակությունը անբնական միավորումներ է տեսնում, խիստ սկզբունքային դիրքեր ունեցող մի շարք ընդդիմադիր խմբեր կարող են նույնիսկ հիասթափվել՝ իրենց արժեքային կողմնորոշումներից ելնելով: Իսկ այսպես՝ երեք-չորս բևեռի առկայության դեպքում, ընդդիմադիր բոլոր խմբերն իրենց խոսափողին գտնելու են: Այսինքն՝ երբ բոլորն անբնական ձևով միավորվում են, ամեն մեկն այդտեղ ունենում է իր սիրած կամ չսիրած գործչին, և դրանից ելնելով կա՛մ քվեարկում է, կա՛մ ոչ: Փաստ չէ, որ դա հաջողության է բերելու, մանավանդ որ չկա վարկանիշի իմաստով մեծ առավելություն (պոկում) ունեցող այնպիսի առաջնորդ, որի շուրջ բոլորը բնականորեն կմիավորվեն: Օրինակ՝ չկա 2008 թվականի Լևոն Տեր-Պետրոսյանի ֆենոմենը, չկա 1996 թվականի Վազգեն Մանուկյանի ֆենոմենը, որ մեկը վարկանիշով անհամեմատ առաջ լինի բոլորից, և մարդիկ նրա շուրջ բնականորեն միավորվեն: Եթե այդպիսի բան չկա, ընդդիմության այս բազմաբևեռ կառուցվածքը շատ ավելի օպտիմալ է և առավելագույնս ծածկելու է ընդդիմադիր էլեկտորատը:


VERELQ. Իսկ արտաքին քաղաքական դիսկուրսները, քննարկումներն ի՞նչ ազդեցություն են ունենալու այս նախընտրական պայքարի վրա. ազդեցությունը լինելու է ուժե՞ղ, վճռորո՞շ, թե՞ ոչ:


Սուրեն Սուրենյանց. Իշխանությունն ամեն ինչ կանի, որպեսզի հասկանալի պատճառներով առաջ մղի այդ նառատիվը, որովհետև իրենք հստակ դիրքավորում ունեն, և հիբրիդային սպառնալիքների մասին լեգենդը կամ միֆն էլ հենց դրա համար են շրջանառության մեջ դրել: Բայց ես, օրինակ, երեկ Գորիսում էի և առանց խոսափողի փողոցներում ուղղակի զրուցում էի շարքային քաղաքացիների հետ: Կարող եմ վստահաբար ասել (դա միայն Գորիսի պատկերը չէ, Երևանում էլ եմ այդ ապրոբացիան արել), որ մարդկանց առաջին հերթին հետաքրքրում են իրենց կյանքի որակը և սոցիալական խնդիրները:


VERELQ. Այսինքն՝ այդ նառատիվները երևանյան էլիտիստական քննարկումների համա՞ր են օգտագործվում։


Սուրեն Սուրենյանց. Դե, որոշակի դեր ունեն, բայց դա էլիտայի շրջանակներից շատ դժվարությամբ է դուրս գալու. հասարակության լայն խավերին դա շատ քիչ է հետաքրքրում։