Ֆրանսիա. Ստատուս քվոն պաշտպանունակ չէ, բանակցությունները պետք է վերսկսվեն
Ֆրանսիայի Արտաքին գործերի եւ միջազգային զարգացման նախարարության մամուլի խոսնակը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձ է արվում Ղարաբաղյան հակամարտությանը և 2016 թվականի քառօրյա պատերազմին:
Հայտարարության մեջ նաև ասվում է, որ Ֆրանսիան վերահաստատում է իր համոզմունքը, որ առկա ստատուս քվոն պաշտպանունակ չէ եւ որ հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով.
«Մեկ տարի առաջ դադարեցին ապրիլի 2-5- ը Լեռնային Ղարաբաղում ծավալված եւ տարածաշրջանի բնակչությանը վշտով համակած պատերազմական գործողությունները: Որպես Մինսկի խմբի համանախագահ, Ֆրանսիան, իր ռուս եւ ամերիկացի գործընկերների հետ մոբիլիզացրեց իր ուժերը մարտերը դադարեցնելու եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունները վերսկսելու ուղղությամբ:
Ֆրանսիան կոչ է անում կողմերին հարգել հրադադարի, վստահության մեխանիզմների և բանակցությունները վերսկսելու մասին 2016 թվականի մայիսի 16-ի Վիեննայի եւ հունիսի 20-ի Սանկտ-Պետերբուրգի գագաթնաժողովներում ստանձնած հանձնառությունները:
Վերջերս, իր հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ ունեցած հանդիպումների ընթացքում, Ֆրանսիայի նախագահը վերահաստատեց հակամարտության բանակցված եւ տեւական, ողջ տարածաշրջանի կայունության եւ բարեկեցության համար նպաստավոր լուծում գտնելուն ուղղված Ֆրանսիայի լիակատար հանձնառությունը»,- ասված է հայտարարության մեջ: