5.08.2025
Հնդկաստանին պետք չէ՞ մի աչքով նայել
prev Նախորդ նորություն

Այս ամենը խոսում է հայ-ամերիկյան հարաբերության «համապարփակ» տապալվածության մասին

Ընդհանրապես, եթե ԱՄՆ առաջարկում է Հայաստանով անցնող ճանապարհի «արտապատվիրակվածությամբ» որեւէ տարբերակ, դա այլ բանի վկայություն չէ, քան հայ-ամերիկյան հարաբերության «համապարփակ» տապալվածության:


Պարզաբանեմ, թե ինչն է հարցը: Հայաստանն ազդարարում է, որ պատրաստ է ճանապարհների ապաշրջափակման՝ ինքնիշխանության ու տարածքային ամբողջության հանրաճանաչ սկզբունքի շրջանակում:


Որեւէ «արտապատվիրակում»՝ մեծից մինչեւ նույնիսկ «սիմվոլիկ», նշանակում է շեղում այդ սկզբունքից, էստեղ քննարկման հարց անգամ չի կարող լինել, եթե առաջնորդվում ենք ողջախոհության, այլ ոչ թե օրինակ նենգափոխման սկզբունքով:


Եթե Հայաստանին առաջարկվում է մի տարբերակ, որը ենթադրում է շեղում նրա իսկ ազդարարած կարմիր գծից՝ լինի մեծ, թե փոքր շեղում, եւ, եթե առաջարկողը այն պետությունն է, որը հրապարակային մակարդակում մշտապես հայտարարում է Հայաստանի տարածքային ամբողջության ու ինքնիշխանության աջակցության մասին, ապա նշանակում է, որ միջպետական հարաբերությունը մեղմ ասած անարդյունավետ է:


Արդյունավետ միջպետական, այն էլ ռազմավարական հավակնությամբ հարաբերության դեպքում չի կարող լինել առաջարկ, որը շեղում է կարմիր գծից՝ լինի փափուկ, թե կոշտ շեղում:


Ընդ որում, շեշտեմ, Հայաստանի կարմիր գիծն այս պարագայում միանգամայն, բացարձակ հիմնավոր է, այլ ոչ թե կամայականություն կամ քմահաճույք, կամ անհարկի հավակնություն:


Այլ կերպ ասած, չնայած վերջին տարիների ընդգծված եւ ուժգնացված հայ-ամերիկյան ջերմ, տեղ-տեղ պաթետիկ հռետորաբանությանը, գործնական մակարդակում, իրական գետնի վրա այդ կարեւորագույն հարաբերությունը մեղմ ասած արդյունավետ եւ ամուր չէ:


Սրա մասին բազմիցս խոսել եմ եւ բերել ի դեպ առավել ցցուն՝ հայ-ռուսական հարաբերության օրինակը: Տարիներ շարունակ այս հարաբերությունը մրցակցությունից դուրս էր ջերմ հռետորաբանության ու պաթետիզմի առումով, տարիներ շարունակ հնչում էին փոխադարձ անքակտելիության առհավատչյա խոսքեր, իսկ գործնական մակարդակում, գետնի վրա՝ հայ-ռուսական հարաբերությունը դեռ երկու տասնամյակ առաջ սկսում էր իր վրա զգալ փոխվող ժամանակի ու աշխարհի ազդեցությունն ու փոփոխությունների մարտահրավերը:


Բայց, որքան մարտահրավերը շատ էր, արագ էր, դինամիկ ու խորացող, այնքան ջերմացող էին պաթոսն ու բարեկամության երդումները:


Վերջում խնդիրներն ու ճգնաժամը՝ մի մասը դուրս է գրում Փաշինյանի վրա, մյուս մասը Պուտինի, Լավրովի, Մարգարիտա Սիմոնյանի կամ չգիտես էլ ում, բայց այդ ամենը ընդամենը կոնյուկտուրային խաղն է, իսկ բուն խնդիրը եւ ճգնաժամի այն բանի հետեւանքն է, որ իրականությունը չափվում էր պաթոսով ու ջերմեռանդ պոռոտախոսությամբ:


Եվ դրա համար էի ահազանգում, ընդ որում ահազանգել եմ միշտ, որ այլ կարեւորագույն խաղացողների, այդ թվում առաջին հերթին բնականաբար ԱՄՆ հետ հարաբերության խորացման հարցը չպետք է լինի նույն՝ պաթոսի, ջերմեռանդ եւ մոլեռանդ երդումների եւ պոռոտախոսության դաշտում, իրական գետնի վրա լինելով հասկանալի եւ փոխադարձաբար շահեկան ու առարկայական տնտեսա-քաղաքական օրակարգերից զուրկ:


Ճանապարհների հարցում առկա իրողությունները հուշում են, թող չհնչի անհամեստ՝ որ ես ճիշտ էի, եւ ճիշտ են իհարկե այն մարդիկ, որոնք հայ-ամերիկյան հարաբերությունը երիցս դիտարկել են հենց գետնի վրա բովանդակային փոխադարձ շահեկանության անհրաժեշտության, այլ ոչ կենացասացության հրամայականով:


Վերլուծաբան Հակոբ Բադալյան


 

 «Զանգեզուրի միջանցքը» առաջ մղելու փորձը կհանդիպի Իրանի կոշտ արձագանքին. Վելայաթի
05.08.2025
«Զանգեզուրի միջանցքը» առաջ մղելու փորձը կհանդիպի Իրանի կոշտ արձագանքին. Վելայաթի