ԱՄՆ նախագահ Թրամպը հայտարարել է, որ կբարձրացնի մաքսատուքրը Հնդկաստանի համար, քանի որ Դելին նավթ է գնում Ռուսաստանից եւ այդպիսով փաստորեն ֆինանսավորում Ուկրաինայի դեմ պատերազմը:
ԵՄ ղեկավարությունն էլ նույն մեղադրանքն էր հնչեցրել Հնդկաստանի հասցեին:
Այդ մեղադրանքներին պատասխանել է Հնդկաստանի ԱԳՆ, հայտնելով, որ նախ հենց Արեւմուտքն է ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո խրախուսել, որ Հնդկաստանը նավթ գնի Ռուսաստանից, քանի որ նավթի մնացյալ պաշարները ռուսականին փոխարինելու համար ուղղվել են Եվրոպա:
Դրանից զատ, Նյու Դելին հիշեցնում է, որ ԱՄՆ ու Եվրամիությունը շարունակում են Ռուսաստանից գնել քիմիկատներ, տարբեր մետաղներ՝ իրենց մոտ արտադրությունների եւ այլ կարիքներին համար:
Հնդկաստանն իհարկե «քննություն» է հանձնում: Դա նորմալ է: Եթե հավակնում է լինել ՄԱԿ ԱԽ մշտական անդամ, եթե հավակնում է լինել նոր աշխարհակարգում այսպես ասած բարձր լիգայի խաղացող, պետք է ցույց տա սուվերեն որոշման կարողություն:
Բոլորովին էական չէ, թե ինչին է վերաբերում հարցը՝ ռուսական նավթ գնելուն, թե այլ բանի: Տվյալ պարագայում խնդիրը սկզբունքն է, հարցի բուն արժեքը քաղաքական սուվերենության կամքն է:
Իհարկե ԱՄՆ, ԵՄ-ն իրենց քաղաքական նպատակներից ելնելով դնում են իրենց պահանջները կամ ձեւակերպում դիրքորոշումները:
Հնդկաստանը կամ պետք է ցույց տա, որ քաղաքական սուվերեն կամքի տեր է, կամ ցույց կտա, որ որեւէ կերպ արժանի չէ տեղ զբաղեցնել նոր աշխարհակարգի այսպես ասած առաջնային տեղերում:
Եվ այս «քննությունը» անցնում ու անցնելու են իհարկե բոլոր հավակնորդները:
Միջուկային հնգյակը հենց այնպես չի զիջելու «ոչ մի թիզ»:
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյան