4.08.2025
Լուսանկարը` AP Photo / Mindaugas Kulbis
prev Նախորդ նորություն

Ջենիֆեր Լոպեսի համերգը Երևանում․ ներդրում միջազգային իմիջի՞ մեջ, թե՞ անիմստ ծախս

Լուսանկարը` ԿԳՍՄՆ
Լուսանկարը` ԿԳՍՄՆ

Օգոստոսի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում տեղի ունեցավ աշխարհահռչակ փոփ-աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը։ Միջոցառումը, որը կազմակերպվել էր «Doping Space» ընկերության կողմից՝ ՀՀ կառավարության աջակցությամբ, պետական բյուջեին արժեցել է 6 միլիոն ամերիկյան դոլար (2,32 միլիարդ դրամ)։


Լոպեսի համերգը կազմակերպվել էր իբրև փոխարինում նախկինում չեղարկված Սնուպ Դոգի շոուի։ Թեև կառավարությունը պնդում է, որ միջոցները կանխատեսված էին նախապես և հավելյալ ֆինանսավորում չի պահանջվել, համերգի արժեքի հարցը հանրության, փորձագետների և նույնիսկ խորհրդարանի շրջանակում լայն քննարկումների առիթ դարձավ։


Աջակցող տեսակետ. «Սա ներդրում է, ոչ թե ծախս»


Համերգի կողմնակիցները, այդ թվում՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը, պնդում են, որ միջոցառումը ունեցել է ոչ միայն մշակութային, այլև զգալի տնտեսական արժեք։ xAI ընկերության Grok արհեստական բանականության միջոցով իրականացված գնահատման համաձայն՝ 24,000 հանդիսատես ունեցող համերգը (14,000 նստատեղ, 10,000 կանգնած տեղ) երկրի տնտեսության մեջ ստեղծել է ավելի քան 10 միլիոն դոլարի հավելյալ արժեք։ Դրանից 3,89 միլիոնը՝ տոմսերի վաճառքից (15,000 զբոսաշրջիկ և 9,000 տեղացի), մոտ 6 միլիոնը՝ զբոսաշրջիկների ծախսերից, 180,000-ը՝ տեղացիների կողմից իրականացված ծախսերից։ Ներդրումները հանելուց հետո զուտ շահույթը կազմել է ավելի քան 4 միլիոն դոլար, իսկ ներդրման վերադարձը (ROI)՝ 67.86%։


Շեշտվում է նաև համերգի իմիջային նշանակությունը․ Լոպեսի մասնակցությամբ միջոցառումը դիտարկվում է որպես Հայաստանի առաջմղում միջազգային հարթակներում։ Ըստ հաշվարկների՝ Ջենիֆեր Լոպեսի մեկ Instagram գրառման արժեքը՝ 247 միլիոն հետևորդ ունեցող էջով, կազմում է մոտ 1.5 միլիոն դոլար։ Եթե երգչուհին հրապարակում անի Երևանի ֆոնին, ապա դա կդառնա խնայողություն Հայաստանի միջազգային գովազդի վրա։


Տնտեսության նախարար Գևորգ Պապոյանը ևս ողջունել է կառավարության մասնակցությունը՝ նշելով, որ շատ զբոսաշրջիկներ ներգրավելու համար պետք է նման աստղեր հրավիրել ոչ թե տասը տարին մեկ, այլ պարբերաբար։ Նա ընդգծել է, որ նման միջոցառումները պետք է դիտարկվեն ոչ թե որպես բացառություն, այլ որպես երկարաժամկետ ռազմավարության բաղադրիչ։


Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իր հերթին գնահատել է Ջենիֆեր Լոպեսի համերգը ոչ միայն որպես երաժշտական միջոցառում, այլ որպես Հայաստանի իմիջը բարձրացնելու հնարավորություն։ Ըստ նախարարության՝ համերգին մասնակցել է ավելի քան 30,000 հանդիսատես, որոնցից շուրջ 15,000-ը՝ արտերկրից։ Համերգը, որն անցկացվել է Լոպեսի Up All Night համաշխարհային շրջագայության շրջանակում, համարվել է Հայաստանի մշակութային քաղաքականության 2023–2027 թթ. ռազմավարության նպատակներին համահունչ նախաձեռնություն՝ նպաստելով երկրի միջազգային ճանաչելիության աճին և մշակութային զբոսաշրջության զարգացմանը։ Այս համատեքստում, նախարարության պնդմամբ, միջոցառումը ևս մեկ անգամ հաստատեց, որ Հայաստանը պատրաստ է հյուրընկալել համաշխարհային մակարդակի արտիստների։


Քննադատություն. պոպուլիզմ և թափանցիկության պակաս


Սակայն բոլորն էլ այս մոտեցումը չեն կիսում։ Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը կտրուկ քննադատել է ծախսը՝ նշելով, որ եթե այդ 6 միլիոն դոլարը երկու տարի առաջ ներդրվեր 5% տարեկան եկամտաբերությամբ, այն կտար կայուն շահույթ։ Նա նաև կասկածի տակ է դրել զբոսաշրջային երկարաժամկետ ազդեցությունը․ «Զբոսաշրջիկը գուցե գա համերգին, բայց հազիվ թե հետ գա՝ միայն համերգի լավ տպավորության հիման վրա»։


Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ կասկածի տակ է դրել ծրագրի ռազմավարական հիմնավորվածությունը։ Նրա խոսքով, նման ծախսերը արդարացված են միայն այն դեպքում, երբ դրանք մաս են կազմում մանրակրկիտ պլանավորված միջոցառումների շարքի, որոնք ձևավորում են երկրի մշակութային ուժեղ բրենդ։ «Եթե ուզում եք զարգացնել տուրիզմը՝ պետք է համակարգ կառուցեք, ոչ թե մեկանգամյա միջոցառում կազմակերպեք», – գրել է նա։ Նա նաև հիշեցրել է, որ այդ գումարներով հնարավոր էր ապահովել, օրինակ, արցախցիների համար 100–200 բնակարան։


Միջազգային համատեքստ. Բեյոնսեի օրինակը


Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը բերել է Մեծ Բրիտանիայի օրինակը, որտեղ 2023 թվականի մայիսին Բեյոնսեի համերգների շարքից հետո մշակույթի ոլորտում ծախսերը աճել են 6.8%-ով՝ վերջին 30 տարվա ընթացքում ամենամեծ ցուցանիշով։ Նույնիսկ հատուկ տերմին է առաջացել՝ Beyflation՝ համերգների պատճառով գների կտրուկ աճը նկարագրելու համար։


Ֆանյանի կարծիքով՝ նման նախաձեռնությունների տնտեսական ազդեցությունը պետք է գնահատել ոչ միայն ուղղակի եկամուտների (տոմսերի վաճառք), այլև անուղղակի ազդեցությունների՝ շղթայական ծախսերի, բիզնեսների ակտիվացման, աշխատատեղերի և երկրի իմիջի վրա ազդեցության տեսանկյունից։ Սակայն նա միաժամանակ կասկածել է, որ ՀՀ կառավարությունն իրականացրել է ամբողջական տնտեսական վերլուծություն կամ պահանջել է կոնկրետ պարտավորություններ կազմակերպիչներից՝ երկրի ճանաչելիությունը բարձրացնելու ուղղությամբ։


Ի՞նչ է իրականում ստացել Հայաստանը


Այս պահի դրությամբ դժվար է միանշանակ գնահատել՝ արդյո՞ք 6 միլիոն դոլարի ներդրումը շահավետ էր։ Նախաձեռնության կողմնակիցները այն ներկայացնում են որպես քայլ՝ Հայաստանը մշակութային տուրիզմի տարածաշրջանային կենտրոն դարձնելու ուղղությամբ։ Իսկ քննադատները սա դիտարկում են որպես նախընտրական տարի կատարած պոպուլիստական և թափանցիկությունից զուրկ ծախս։


Ակնհայտ է մի բան․ եթե սա պարզապես PR քայլ էր՝ այն թանկ արժեցավ։ Բայց եթե հետևի համակարգային մշակութային քաղաքականություն, ապա հնարավոր է՝ Ջենիֆեր Լոպեսի համերգը դառնա առաջին քայլը մի երկրի նոր իմիջի ձևավորման ճանապարհին, որն ունի ոչ միայն հին պատմություն, այլև ժամանակակից մշակութային գրավչություն։

 Լուսանկարը` primeminister.am
04.08.2025
Վաշինգտոնում հնարավո՞ր է Փաշինյան-Ալիև հանդիպում. Երևանն ու Բաքուն լռում են