Հայաստանի կառավարությունը վերանայում է արտերկրի բուհերում քաղաքացիների ուսման ֆինանսավորման կրթաթոշակային քաղաքականությունը։ Մարտի 6-ին կայացած նախարարների կաբինետի նիստին համապատասխան որոշման նախագիծը ներկայացրեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նոր նախաձեռնությունը նախատեսում է սկզբունքորեն այլ մոտեցում կրթության պետական աջակցությանը։ Նախարարի խոսքով, կառավարությունը մտադիր է ստեղծել Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների աշխատակիցների ուսման համաֆինանսավորման մեխանիզմ հեղինակավոր արտասահմանյան համալսարաններում։
«Նախատեսվում է կիրառել ձեռնարկությունների նորարարական ներուժի հզորացման գործընթացում պետական աջակցության նոր մոտեցում և հնարավորություն ընձեռել, որպեսզի ՀՀ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների աշխատակիցներին, որոնք ուսանող կլինեն օտարերկրյա հեղինակավոր բուհերում։ Մենք նկատի ունենք Շանհայի ռեյտինգավորման համակարգում առաջին 65 բուհերը բակալավրիատի դեպքում, առաջին 75 բուհերը՝ մագիստրատուրայի դեպքում», — բացատրեց Անդրեասյանը։
Ծրագրի հիմնական պայմանն է մասնավոր հատվածի մասնակցությունը ֆինանսավորմանը։ Առևտրային կազմակերպությունը պետք է ունենա առնվազն 100 աշխատող և համաֆինանսավորի կրթաթոշակն առնվազն 50 տոկոսով։ Այս դեպքում պետությունը տարեկան կհատկացնի մինչև 10 մլն դրամի չափով կրթաթոշակ։ Կարևոր պահանջ է շրջանավարտի պարտավորությունը՝ ուսումնառության ավարտից հետո առնվազն 3 տարի համապատասխան մասնագիտությամբ աշխատել համաֆինանսավորող կազմակերպությունում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս թեման վաղուց է մտահոգում կառավարությանը, քանի որ պետությունը չունի ծրագիր, որը ուսանողներին հնարավորություն կտար սովորել առաջատար բուհերում և այնուհետև աշխատել Հայաստանում։ «Լույս հիմնադրամի կրթաթոշակ ստացածների ընդամենը 20 տոկոսն է, որ վերադարձել է Հայաստան, և հետևաբար ստացվում է, որ կրթության ֆինանսավորման ներքո մենք արտագաղթ ենք ֆինանսավորում», — ընդգծեց վարչապետը։
Փաշինյանը հավելեց, որ համանման գործունեություն պատվիրակել են նաև «Իմ քայլը» հիմնադրամին, բայց այնտեղ էլ չվերադարձելիության մակարդակը հասել է 40 տոկոսի։ «Թվում է, թե Կառավարությունը կա՛մ ուղիղ, կա՛մ անուղղակի աջակցում է, որ մարդիկ գնան, սովորեն, բայց գնում են, հետ չեն գալիս», — նշեց կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ պետք է աջակցել կոնկրետ ընկերություններին, որոնք կարիք ունեն մասնագետներ պատրաստելու։
Որոշման նախագիծն ընդունվեց, սակայն կառավարության անդամների քննարկման արդյունքում որոշվեց, որ պետք է մինչև աշուն մոնիտորինգ անցկացնել՝ հասկանալու համար սովորածների վերադարձելիության վիճակագրությունը։ Եթե կրթություն ստանալուց հետո Հայաստան վերադարձողների և այնտեղ աշխատողների թիվը ցածր լինի, ծրագիրը չի շարունակվի։