10.04.2026
5 զոհ և 3 տուժած. բախվել են BMW և Opel մակնիշների ավտոմեքենաները
prev Նախորդ նորություն

ՀՀ ՄԻՊ-ի հանձնարարությամբ իրականացվել է մշտադիտարկման չհայտարարված այց

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները ապրիլի 8-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ Արմավիրի մարզի Մերձավանի միջնակարգ դպրոց:


ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ այցի ընթացքում ուսումնասիրվել են դպրոցի շենքային, սանիտարահիգիենիկ պայմանները, ինչպես նաև մանկավարժական անձնակազմի և սովորողների միջև հարաբերությունները, նրանց իրավունքների և շահերի պաշտպանության վիճակը:


Դպրոցի տնօրինության հետ քննարկվել են շենքային պայմանների բարելավման, սովորողների իրավունքների ապահովման, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և հաշմանդամություն ունեցող անձանց կրթության իրավունքի լիարժեք ու անխոչընդոտ իրացման, մանկավարժական անձնակազմի, տնօրինության և սովորողների միջև առկա խնդիրներին վերաբերող և այլ հարցեր:


Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները ծանոթացել են դասապրոցեսի կազմակերպման գործընթացներին, առանձնազրույցներ են ունեցել սովորողների հետ, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվել կրթության իրավունքի արդյունավետ իրացման հետ կապված խնդիրներին։


Պաշտպանի ներկայացուցիչներն արձանագրել են մի շարք խնդիրներ, որոնց մի մասը համակարգային են և պահանջում են անհետաձգելի լուծում։


Մասնավորապես՝ դպրոցին ամրակցված շենքը վատթար վիճակում է, սանհանգույցները՝ հին, առկա են սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման հետ կապված խնդիրներ: Ընդհանուր առմամբ, Դպրոցի շենքային պայմանները ոչ բարվոք վիճակում են, իսկ ֆիզիկական միջավայրը հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի չէ: Առկա է խելամիտ հարմարեցումների ապահովման անհրաժեշտություն։


Դպրոցն ունի բազմամասնագիտական թիմով համալրվելու անհրաժեշտություն և այլն։


Արձանագրված խնդիրները Պաշտպանի ներկայացուցիչները քննարկել են դպրոցի տնօրենի հետ: Վերջինս ներկայացրել է խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերը, ինչպես նաև դրանց հետագա լուծման տեսլականը։


Այցի ընթացքում Դպրոցի տնօրինությունը և մանկավարժական անձնակազմն արդյունավետ համագործակցել են Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ:


Մշտադիտարկման չհայտարարված այցի արդյունքները, ներառյալ` Պաշտպանի կողմից բազմիցս բարձրաձայնվող համակարգային խնդիրները, կամփոփվեն, և առաջիկայում դրանք արտացոլող փաստաթուղթն ու առաջարկությունները կներկայացվեն ոլորտի իրավասու մարմիններին:


 

«Հայաստան» դաշինքը ներկայացրեց շտաբի պետին եւ մամուլի համակարգողին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Gazprom Armenia official site
09.04.2026
ՀՀ-ն պատրաստ է բոլոր սցենարներին. Փաշինյանը՝ գազի հնարավոր թանկացման մասին