Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Թաիլանդից ժամանած ուխտավորների
Հոկտեմբերի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Թաիլանդից ժամանած ուխտավորների՝ ուղեկցությամբ Թաիլանդի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արթո Արթինյանի:
Հանդիպման սկզբում Տիար Արթինյանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց հյուրերին և նրանց այցելության նպատակը, այն է` ճանաչել Հայաստանը որպես հարուստ մշակույթ ունեցող հնագույն քրիստոնյա երկիր:
Ողջունելով ուխտավորների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Նորին Սրբությունն ընդգծեց, որ նման այցերը մեծապես նպաստում են երկու ժողովուրդների փոխճանաչողությանը և միջմշակութային կապերի զորացմանը։
Իր խոսքում Հայոց Հայրապետն անդրադարձավ նաև հայ ժողովրդի կյանքում Հայոց Եկեղեցու ունեցած առանձնահատուկ դերակատարությանը, ինչպես և արցախյան պատերազմի աղետալի հետևանքով պայմանավորված հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին և դրանց հաղթահրման գործում Եկեղեցու առաքելության կարևորությանը։