9.10.2024
Հիվանդ գլխից` առողջի վրա․ ՔՊ-ն ընդդիմությանը մեղադրել են Արցախը հանձնելու մեջ
prev Նախորդ նորություն

ԱՊՀ-ին և ԲՐԻԿՍ-ին մասնակցությունը չի հակասում երկրի եվրոպական ուղղությանը. ԱԺ նախագահ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մեկնաբանել է երկրի՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին և ԲՐԻԿՍ-ի առաջիկա գագաթնաժողովին մասնակցելու որոշումը: Սիմոնյանն ընդգծել է այս ձևաչափերի կարևորությունը Հայաստանի համար:


«Մենք չենք կարող մերժել ԱՊՀ-ի ֆորմատը, որի հիմնական փաստաթուղթը՝ Ալմա-Աթայի հռչակագիրը, Ադրբեջանի հետ բանակցային խոսակցությունների մեջ որպես հիմք է դրված: Դա նաև անվտանգային առումով շատ կարևոր է», - ասաց Սիմոնյանը:


Անդրադառնալով ԲՐԻԿՍ-ի առաջիկա գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության որոշմանը, ԱԺ նախագահն ասաց, որ տնտեսական առումով ՀՀ-ն կարևոր կապեր ունի այդ կառույցի անդամ որոշ երկրների հետ: «Այս իրավիճակում, երբ տարբեր պատժամիջոցներ են գործում, տարբեր ճանապարհներ են փնտրվում երկրների, գերտերությունների կողմից տնտեսական հոսքերը որևիցե ձևով տեղափոխելու, Հայաստանը պետք է իր շահերից ելնելով մասնակցի», - նշեց նա:


Սիմոնյանը չհամաձայնեց այն տեսակետին, թե այսպիսով ՀՀ իշխանությունները հետ են կանգնում դեպի ԵՄ գնալուց: «Մեր արժեքային համակարգը և տրամաբանությունը որևիցե ձևով չի փոխվել: Դա լինելու է Հայաստանի տնտեսության, իրավունքների, արժեքային համակարգին համահունչ ուղղություն: Եվ այդ ուղղությունը շարունակվում է», - հավելեց նա:


ԱԺ նախագահն ընդգծեց, որ Հայաստանը չպետք է իրեն տարածաշրջանից դուրս դնի, և որ իշխանություններն ու ժողովուրդը նույն կարծիքին են այս հարցում:


 

Մեր հասարակության համար տհաճ անակնկալներ չունենք. Արարատ Միրզոյան
Հաջորդ նորություն next