ՔԿ-ն մանրամասներ է հայտնել զորացրված զինծառայողներով ավտոմեքենայի վթարից
Հուլիսի 11-ին՝ ժամը 11-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 175 կմ հատվածում՝ Գորայք բնակավայրի մոտ, վթարի է ենթարկվել «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի քաղաքացիական ավտոմեքենա, ինչի հետևանքով տեղում մահացել են երկու անձ, իսկ 5-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություններ։ Այդ մասին հայտնում է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:
Նախնական տվյալներով՝ զորացրված զինծառայողները տաքսի ավտոմեքենայով ուղևորվելիս են եղել Երևան քաղաքի ուղղությամբ։
Մահացածներից մեկը վարորդն է, մյուսը՝ ուղևորներից մեկը։ Նախնական տվյալներով՝ բուժհաստատություն դիմած անձանցից 2-ի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության, մեկինը՝ բավարար։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։
Քննիչները դեպքի վայրում են, իրականացնում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական գործողություններ։