24.11.2024
«Ժողովուրդ». Մի շարք երկրներ դիմել են Երևանին՝ արբանյակները իջեցնելու խնդրանքով
prev Նախորդ նորություն

Կարեւորում ենք վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 9-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությանը: Նա ողջունել է պատվիրակության այցը ՀՀ Ազգային ժողով եւ նշել, որ նման այցերը կարեւոր են երկու խորհրդարանների միջեւ առկա համագործակցությունը խորացնելու տեսանկյունից:


Խոսելով ՀՀ-ԵՄ հարաբերություններից՝ ԱԺ նախագահն ասել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս արժեքային եւ ամուր գործընկերությանը Նիդերլանդների հետ՝ վերահաստատելով ՀՀ պատրաստակամությունը մոտ լինել Եվրամիությանն այնքան, որքան ԵՄ-ն հնարավոր կհամարի:


«Կարեւորում ենք վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը եւ հույս հայտնում այդ հարցում տեսնել ձեզ մեր կողքին»,- ընդգծել է Ալեն Սիմոնյանը:


Նիդերլանդների խորհրդարանական պատվիրակությանը ներկայացնելով Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ ԱԺ նախագահը կրկին հայտնել է ՀՀ հավատարմությունը խաղաղության օրակարգին եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների շուտափույթ կարգավորմանը՝ հիմնված միմյանց ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա՝ համաձայն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի:


Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձությանը, Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանմանը եւ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը վերաբերող հարցերին: