Ապրիլի 10-ին խորհրդարանը քննարկել է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերված աջակցության ծրագրերը եւ հաշվետու տարում կատարված կապիտալ ծախսերը: Փոխվարչապետի խոսքով 10 ամիս շարունակ խորացող հումանիտար ճգնաժամից հետո` 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, ԼՂ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունները հանգեցրել են ԼՂ-ի հայաթափմանը:
Մեկ շաբաթվա ընթացքում բռնի տեղահանվել է Լեռնային Ղարաբաղում բնակվող ավելի քան 100 հազար հայ: Սեպտեմբերի 30-ին տեղահանվածների թիվն արդեն գերազանցել էր 100 հազարը:
Կառավարությունը Կոռնիձորում, Գորիսում եւ Վայքում կահավորել է ԼՂ-ի բռնի տեղահանվածների հաշվառման եւ տեղավորման շուրջօրյա աջակցության կետեր: Մի քանի օրում մարզերում կացարանով ապահովվել է մոտ 80 հազար տեղահանված, որոնցից 56 հազարը բնակեցվել է Կառավարության աջակցությամբ տրամադրված հյուրատներում եւ հարմարեցված այլ շենքերում:
Մեծ աջակցություն է ցուցաբերել նաեւ Հայաստանի բնակչությունը` կեցության պայմաններ ստեղծելով տասնյակ հազարավոր տեղահանված հայրենակիցների համար:
Բռնի տեղահանվածներն ապահովվել են սննդով եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքներով: 2023 թվականի հոկտեմբերից այդ նպատակով մարզպետարաններին է հատկացվել ավելի քան 4,4 մլրդ դրամ: 2023 թվականի հոկտեմբերի 3-ին Կառավարությունը կայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին 100 հազարական ՀՀ դրամ հրատապ դրամական աջակցություն տրամադրելու վերաբերյալ որոշում:
2024 թվականի մարտի 31-ի դրությամբ 13,400 մարդ ունեն գրանցված զբաղվածություն, եւս 750 մարդ գրանցված է որպես անհատ ձեռներեց, իսկ 300 մարդ տարբեր կազմակերպություններում բաժնետիրական իրավունքներ ունեն գրանցած, ինչը նշանակում է, որ բիզնեսում ներգրավվածություն ունեն:
Իրականացվել են եւ այժմ էլ շարունակվում են աջակցության նաեւ այլ ծրագրեր:
Փոխվարչապետը ներկայացրել է բնակարանային աջակցության իրականացվելիք այն ծրագրերը, որոնց նպատակը տեղահանվածներին բնակարաններով կամ կեցության այլ վայրերով ապահովումն է:
Տիգրան Խաչատրյանը պատասխանել է պատգամավորների հարցերին: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը նշել է, որ բռնի տեղահանված մեր հայրենակիցները մտահոգություն ունեն, թե ՀՀ քաղաքացիություն ստանալով` կարող են զրկվել աջակցության ծրագրերից, ինչպես նաեւ կարող են կորցնել իրենց հին իրավունքները` կապված ԼՂ-ում ունեցած իրենց սեփականության հետ:
«Նախ, ես կարող եմ ասել ՀՀ-ում աջակցության ծրագրերի առումով: Քաղաքացիություն ընդունելով, քաղաքացի դառնալով` որեւէ իրավունքից չեն զրկվում բռնի տեղահանված մեր հայրենակիցները: Հիմնական ծրագիրը, որը շարունակում է ուժի մեջ մնալ` բնակարանային ապահովության ծրագիրն է, իսկ մենք ասում ենք, որ պետք է լինի քաղաքացի, որ կարողանա օգտվել այդ ծրագրից, ինչն ինքնին ասում է, որ չի կարող քաղաքացի դառնալը զրկել աջակցության իրավունքներից, այլ ծրագրերից` նույնպես»,- ընդգծել է փոխվարչապետը` հավելելով, որ այս տեսակետը հայտնել են միջազգային իրավունքի մասնագետները եւ փորձագետները: