Բաքուն չի ցանկանում իրավիճակը լայնածավալ էսկալացիայի հասցնել. Քոչարյան
Հայաստանը մտադիր է անել ամեն ինչ, որպեսզի ադրբեջանական զինուժի կրակոցները տեսագրվեն և հետագայում բացառվեն։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից խաղաղ բնակչությանը պատճառված նյութական վնասը կփոխհատուցվի։
Նրա խոսքով՝ ադրբեջանական զինուժի ներկայիս կրակոցները «անիմաստ և աննպատակ են»։
«Սրանք հիստերիկ դրսեւորումներ են... Այս գործողությունները ոչ մի բանի հետ կապ չունեն»,- ասաց պատգամավորը՝ հերքելով սահմանին լարվածության և Փաշինյանի մասնակցությամբ բրյուսելյան հանդիպման միջև կապը։
Նա ընդգծեց, որ ադրբեջանական կողմի գործողություններում դեռ չի տեսնում իրավիճակը լայնածավալ էսկալացիայի տեղափոխելու Բաքվի ցանկությունը։ Քոչարյանը նշեց, որ Հայաստանի զինված ուժերը անհրաժեշտության դեպքում կդիմեն պատասխան գործողությունների և պատշաճ կերպով կպաշտպանեն Հայաստանի տարածքը։
Հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանի ձեռագիրը նման է դեպի խաղաղություն գնացող երկրի ձեռագրի, Քոչարյանը նշեց. «Ես այստեղ ընդհանրապես ձեռագիր չեմ տեսնում։ Շատ են խանգարողները (խաղաղության հաստատմանը), և ոչ միայն Ադրբեջանը։ Նրանց, ովքեր խանգարում են, կարելի է գտնել նաեւ երկրի ներսում»։