Կառավարության որոշմամբ կներվեն Արցախից բռնի տեղահանված այն անձանց վարկերը
Կառավարության որոշմամբ կներվեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված այն անձանց վարկերը, ովքեր Հայաստանի բանկերից դրանք ստացել են ոսկու գրավադրմամբ։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության ապրիլի 3-ի նիստում։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ որոշումը վերաբերում է ոսկով ապաhովված 6 000 վարկերի: Նախագծով որոշվել է ներել մինչև 5 միլիոն դրամի մնացորդային վարկերը։ 6 000 վարկերի էական մասը մինչև 500 000 դրամի չափով են։
Վարկառուները պարտքի ներման կարող են համաձայնագիր կնքել։ Անհրաժեշտ է դիմել ֆինանսների նախարարություն, որից հետո կկազմակերպվի ոսկիների հետվերադարձը։
VERELQ-ը հիշեցնում է, որ սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զինուժը լայնածավալ ագրեսիա է սկսել Արցախի դեմ։ Սեպտեմբերի 20-ին հանրապետության իշխանություններն ընդունել են կրակի դադարեցման մասին ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության առաջարկը: Արցախի նախագահը սեպտեմբերի 28-ին հրամանագիր է ստորագրել այն մասին, որ բոլոր պետական հիմնարկները լուծարվում են, և 2024 թվականի հունվարի 1-ից Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։
Արցախի բնակիչները զանգվածաբար ստիպված լքել են հանրապետության տարածքը և տեղափոխվել Հայաստան։ ՀՀ կառավարության տվյալների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է մուտք գործել ավելի քան 100 հազար բռնի տեղահանված քաղաքացի: