Արարատ Միրզոյանը Ուրուգվայում է
Մարտի 21-ին պաշտոնական այցով Մոնտեվիդեոյում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության ժամանակավոր փոխնախագահ, Գլխավոր Ասամբլեայի և Սենատորների Պալատի նախագահի պաշտոնակատար Գրասիելա Բիանչի Պոլիի հետ:
Հանդիպմանը ներկա էին նաև Ուրուգվայի առողջապահության փոխնախարար Խոսե Լուիս Սանջյանը և Ուրուգվայի խորհրդարանում հայ-ուրուգվայական բարեկամական խմբի անդամ Պեդրո Խիսդոնյանը:
Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Ուրուգվայի միջև առկա բարձրաստիճան քաղաքական երկխոսությունը, որի լավագույն դրսևորումներից են վերջին շրջանի բարձրաստիճան այցերը, ինչպես նաև երկու երկրների մայրաքաղաքներում ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Մոնտեվիդեոյում դեսպանության բացումը միտված է ավելի խորացնել մեծ համակրանքի ու վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունները, ինչը մեծապես ողջունվել է Ուրուգվայի գործընկերների կողմից:
Երկուստեք կարևորվել է նաև խորհրդարանական դիվանագիտության դերը Հայաստանի և Ուրուգվայի միջև բարեկամական հարաբերությունների շարունակական ամրապնդման գործում։
Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Ուրուգվայի խորհրդարանին՝ Հայաստանի համար առաջնահերթություն ներկայացնող հարցերի շուրջ սկզբունքային դիրքորոշման համար, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի հարձակման ու ԼՂ-ում էթնիկ զտման քաղաքականության առնչությամբ:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ուրուգվայի ժողովուրդների միջև պատմական կապերին, որոնք հաստատվեցին այն բանից հետո, երբ Ուրուգվայը, լինելով Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչած երկիրը, ապաստան տվեց մեծաթիվ հայերի։
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցերի։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները և ՀՀ հետևողական մոտեցումներն առանցքային հարցերի շուրջ՝ շեշտելով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության սկզբունքներին հավատարմության կարևորությունը։ Արարատ Միրզոյանն անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի շուրջ քննարկումներին, որի համար իրավական հիմք պետք է լինի 1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրը։