Նրանք գալիս են. Հովհաննես Շահինյանը միացավ Արշակ Կարապետյանին
«Մենք գալիս ենք» հասարակական կազմակերպությունը միացել է Արշակ Կարապետյանի առաջնորդած «Համահայկական ճակատ» շարժմանը։
Այս մասին հայտնում է «Մենք գալիս ենք» ՀԿ նախագահ Հովհաննես Շահինյանը:
VERELQ-ը հիշեցնում է, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը 2023 թվականի հոկտեմբերի 4-ին հայտարարեց քաղաքական պայքար սկսելու մասին՝ իր ձեւակերպմամբ «հանուն Հայաստանի ապագայի»։
«Հայաստանի հայրենասերներին՝ Արցախի շուրջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ ուղերձ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի շահերի դավաճանությունը և Հայաստանի գոյատևությանը սպառնող վտանգը ստիպում է ինձ քաղաքական պայքար սկսել և կոչ անել երկրի ու սփյուռքի բոլոր հայրենասեր ուժերին համախմբվել գաղափարի շուրջ՝ հանուն Հայաստանի ապագայի»,- ասված էր Կարապետյանի տեսաուղերձում:
Նշենք, որ այս ամիսների ընթացքում նա առանձնակի ակտիվություն չի ցուցաբերել՝ պարբերաբար հարցազրույցներ տալով այս կամ այն լրատվամիջոցին ու ազդարարելով, որ ակտիվանում է երկրի փրկության համար: