24.11.2024
Պաշտպանե՛լ, զարգացնե՛լ Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական դաշինքը. Ասրյան
prev Նախորդ նորություն

ՀՀ նախագահն ու Քուվեյթի դեսպանը քննարկել են երկրների միջև ուղիղ թռիչքների իրականացումը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Ալ Էնեզիին:


Ողջունելով դեսպանին նախագահն՝ ի դեմս նրա, իր շնորհավորական խոսքն ու բարեմաղթանքներն է հղել Քուվեյթի Պետության էմիր Նորին Վսեմություն շեյխ Միշալ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին և Քուվեյթի ժողովրդին՝ Անկախության և Ազատագրման տոների կապակցությամբ:


«Կարևորում եմ, հատկապես, քաղաքական երկխոսության բարձր մակարդակի պահպանումը մեր երկրների միջև, որին կարող են նպաստել թե՛ բարձրաստիճան փոխայցելությունները, թե՛ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների պարբերական խորհրդակցությունների անցկացումը»,- նշել է նախագահը:


Շնորհակալություն հայտնելով ընդունելության և ջերմ մաղթանքների համար, դեսպանը նշել է, որ դիվանագիտական առաքելության ընթացքում իր ջանքերն է ներդնում երկկողմ հարաբերությունների ամրապնդման և փոխգործակցության ընդլայնման համար:


Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցության խորացման շուրջ հարցեր: Անդրադարձ է կատարվել տնտեսության, կրթության, տուրիզմի և այլ ոլորտներում Հայաստանի և Քուվեյթի փոխգործակցության առկա ներուժի լիարժեք իրականացման ուղիներին և անհրաժեշտ միջոցառումների խթանման հնարավորություններին:


Երկուստեք կարևորվել է երկու երկրների միջև քաղաքական խորհրդակցությունների և խորհրդարանական դիվանագիտության ակտիվացմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունն ինչպես նաև Քուվեյթի հետ տնտեսական համագործակցության խորացումը հատկապես ներդրումային ոլորտում։


Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահը դեսպանին մանրամասներ է հայտնել Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի վերաբերյալ, որը բացի տարածաշրջանային խաղաղության և կայունության ամուր հիմք դառնալուց, ստեղծելու է նաև մեծ ներդրումային հնարավորություններ՝ տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների ոլորտում:


Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև երկու երկրների միջև ուղիղ թռիչքների իրականացման և մուտքի արտոնագրային ռեժիմի փոխադարձ ազատականացման հնարավորության վերաբերյալ՝ նկատի ունենալով այն, որ Հայաստանն ազատականացրել է Քուվեյթի քաղաքացիների մուտքը մեր երկիր: