VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Օրերս գրել էինք, որ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը «կախիչ-դուշ» շոուից հետո, իրեն ապահովագրելու համար, գրություն է ուղարկել կառավարություն՝ տեղեկացնելով անցած տարեվերջին բացված Մարտունու հիվանդանոցի թերությունների մասին, որ դրանք սահմանված ժամկետում չեն շտկվել։ Տեղեկացանք, որ կառավարությունում առողջապահության նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ թեժ քննարկում է տեղի ունեցել, որի հետեւանքով ազատվել են առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը եւ նախարարության Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի՝ ԾԻԳ-ի ղեկավար Երվանդ Էլիբեկյանը։ Նախարար Ավանեսյանը նրանց «վզով» է գցել Մարտունու հիվանդանոցի թերացումները։ Նախարարությունից մեզ ասացին, որ նրանք ազատվել են սեփական դիմումի համաձայն: Հիշեցնենք, որ փոխնախարարներին նշանակում եւ ազատում է կառավարության ղեկավարը։ Ըստ ամենայնի, Նազարյանի ազատման հրամանը կլինի շաբաթներ անց, քանի որ, մեր տեղեկություններով, մինչեւ ազատման դիմում գրելը նա ամենամյա արձակուրդի դիմում է ներկայացրել՝ մինչեւ փետրվարի կեսերը, ապա երկրորդ՝ ազատման դիմումն է հասցեագրել նախարարին։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը, ով պատերազմից հետո այս իշխանությունների ամենախիստ քննադատներից էր, երեկ 2 ամսով կալանավորվեց՝ Արամուսի ռեստորաններից մեկում տեղի ունեցած միջադեպի պատճառով: Մեղադրանքը թեեւ ծանր չէ` «խուլիգանության» հոդվածով է, եւ զենքի գործադրումն էլ հետեւանքներ չի ունեցել, բայց նման առիթն իշխանությունը բաց չէր թողնի: Մենք տեղեկացանք, որ Տիրան Խաչատրյանից բացի միջադեպին մասնակցել է եւս 4 անձ, որոնցից մեկն Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի եղբայրն է` Արմեն Հարությունյանը։ Ըստ մեր աղբյուրի, արցախցուն պատկանող օբյեկտում սեղանի շուրջ խոսել են Արցախի անկման մասին, Տիրան Խաչատրյանը մեղադրել է նաեւ Արայիկ Հարությունյանին` Նիկոլ Փաշինյանին հավասար։ Արցախի նախագահի եղբայրն ու մյուս արցախցիները պահել են Բաքվի բանտում գտնվող Հարությունյանի «թասիբը», ինչից էլ լեզվակռիվ, քաշքշուկ է սկսվել: Սակայն այդ օրը բանը չի հասել հրազենին, մեկ կամ երկու օր հետո Տիրան Խաչատրյանին կանչել են «ատչյոտ տալու», չորսով մեկի դեմ են հարձակվել, վերջինս էլ ինքնապաշտպանական նկառատումներով` իր զենքից օդ է կրակել։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հայաստանի Հանրապետությունը հունվարի 10-ին 200 հազար դոլար՝ 81 մլն 526 հազար դրամ է փոխանցել Միջնորդ դատարանի մշտական պալատին (Permanent Court of Arbitration)՝ որպես գրավ։ Փոխանցումը ձեւակերպվել է որպես «արբիտրաժային դատարանի ծախսեր»։ Գումարը որպես գրավ փոխանցվել է ««Ամուլսար ինվեսթոր վենչըր» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործի առնչությամբ։ «Ամուլսար ինվեսթոր վենչըր» ՍՊԸ-ի մասին համացանցի աղբյուրներում որեւէ տվյալ չկա, սակայն տարիներ առաջ խոսվում էր, որ Ամուլսարի ոսկու հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերությունը կարող է դիմել միջազգային արբիտրաժային դատարան, քանի որ հանք տանող ճանապարհն արգելափակված էր, իսկ Հայաստանի կառավարությունը մի կողմից դեմ չէր հանքի շահագործմանը, մյուս կողմից ոչինչ չէր անում այդ շահագործումը հնարավոր դարձնելու եւ ճանապարհը բացելու համար: Միայն 2023 թվականի փետրվարին ՀՀ կառավարությունը համարձակություն ունեցավ հայտարարելու, որ ոչ միայն համաձայն է, որ հանքը շահագործվի, այլեւ դրան փայատեր է դարձել, ինչպես դա եղավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պարագայում։ Կառավարությունը, ի դեմս էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, հայտարարեց, որ կառավարությունն անհատույց ստանալու է «Լիդիան Արմենիա» ընկերության կանոնադրական կապիտալի 12.5%-ը։ Ուստի ենթադրվում է, որ «Ամուլսար ինվեսթոր վենչըր» ՍՊԸ-ն փոխկապակցված է «Լիդիան Արմենիայի» հետ։ Ինչ վերաբերում է Միջնորդ դատարանի մշտական պալատին, ապա այն միջազգային արբիտրաժային դատարան է, որին անդամակցում է շուրջ 100 պետություն, դատարանն ընդունում է ինչպես պետությունն ընդդեմ պետության, այնպես էլ միջազգային մասնավոր կազմակերպություններն ընդդեմ պետության հայցադիմումներ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանական պատգամավորների գործուղումները ոչ միայն որեւէ օգուտ չեն տալիս մեր երկրին, այլեւ, ընդհակառակը, երբեմն զուգադիպությամբ բացասական հետեւանքներ են ունենում Հայաստանի Հանրապետության համար: «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով ֆրանսիական Le Point պարբերականը, հայտնում է. «Թուրքիայի ճնշմամբ Ռուանդան հեռացրել է Հայոց ցեղասպանության մասին հիշատակումը տուտսիների ցեղասպանությանը նվիրված թանգարանից»: Թե ինչու է Արեւելյան Աֆրիկայում գտնվող այս երկիրը (որն առանձնապես դիվանագիտական հարաբերություններ չունի Հայաստանի հետ) որոշել նման քայլի գնալ, հասկանալի է: Իսկ ի՞նչ են անում այդ ուղղությամբ գործող իշխանությունները, որոնք հեռու են արտաքին քաղաքականությունից ու դիվանագիտությունից: ԱԺ պատգամավորները, որ պետական բյուջեի հաշվին պաշտոնական այցերով որեւէ երկիր են գնում, փաստորեն, ոչ թե աշխատում են, խորհրդարանական դիվանագիտություն իրականացնում, այլ հաճախ շրջագայում են որպես տուրիստներ:
Օրինակ՝ դեռ 2022թ.-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մեկշաբաթյա աշխատանքային այցով պետբյուջեի հաշվին մեկնել էր Ռուանդա՝ Միջխորհրդարանական միության 145-րդ վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու համար: Պատվիրակության կազմում 7 անձ էր՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Հասմիկ Հակոբյանը եւ այլոք: Նախորդ տարի էլ, նույն Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ, ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն էր հուլիսի 16-21-ը գործուղվել Ռուանդա՝ մասնակցելու «Կանայք ներկայացնում են» խորագրով կոնֆերանսին: Ստացվում է, որ հայրենի իշխանությունները մեծ թվով գումարներ են ծախսում գործուղումների մեկնելու համար, հետո պատճառաբանում են, թե այս գործուղումներով դիվանագիտական կապեր են հաստատում այլ երկրների հետ՝ հանուն պետական շահի, բայց իրականում դրանք ոչ մի կերպ չեն ծառայում մեր պետությանը: Ապացույցը Ռուանդայի կողմից կայացված խայտառակ հակահայկական որոշումն է, որի մասին, ի դեպ, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը չի հայտարարել ոչինչ: Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի կարողանում անգամ հեռավոր Աֆրիկայում գտնվող մի երկրի հետ կապեր հաստատել, որ գոնե եղած ավանդույթներն ու կառույցները պահպանվեն: Ձախողումներ են ամենուր»:
«Փաստ» օրաթերթը գրում է. Ինչպես հայտնի է, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հավանություն է տվել «ՄՏՍ Հայաստանի» 100 % բաժնեմասի վաճառքին։ Գնորդը «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունն է: Արտաքուստ սովորական թվացող «առքուվաճառքի» այս գործարքը, սակայն, ուշագրավ է նրանով, որ ընդամենը մի քանի ամիս առաջ ՆՈՒՅՆ հանձնաժողովը մերժել էր ՆՈՒՅՆ «ՄՏՍ Հայաստանի» բաժնետոմսերը ՆՈՒՅՆ կազմակերպությանը վաճառելու փաստացի ՆՈՒՅՆ հայտը: Ընդ որում, ԲՏԱ նախարարության բացասական եզրակացության հիման վրա կայացրած որոշման մեջ հատուկ հղում էր կատարվել օրենքի դրույթին, համաձայն որի, «գործարքի համաձայնեցումը կարող է մերժվել, եթե, իրավասու մարմնի գնահատմամբ, վնասում կամ կարող է վնասել ազգային անվտանգությունը կամ պետական շահերը»:
Սակայն այդպես էլ որևէ պարզաբանում չհնչեց, թե ինչպես է այս մի քանի ամսում վերացել «ազգային անվտանգությունը կամ պետական շահերը վնասելու» վտանգը: Մի խոսքով, բավական տարօրինակ գործարք է: Սա՝ մեղմ ասած: Ավելին, նշյալ գործարքի հետ կապված մի շարք առնվազն մութ ու կասկածելի հանգամանքները պարզելու նպատակով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազին և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին: Սակայն, ինչպես տեղեկացրել էր փաստաբան Արմինե Ֆանյանը, «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն անհայտ ընկերությանը հանձնելու վերաբերյալ իր հաղորդման կապակցությամբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն որոշել է վարույթ չնախաձեռնել: Նա նաև նշել էր, որ այս որոշումը բողոքարկելու է: «Փաստի» հետ զրույցում փաստաբանը նշեց. «Բողոքարկվել է գլխավոր դատախազություն:
Օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում ենք ստացել մեր բողոքը մերժելու մասին: Այժմ այդ որոշումը բողոքարկվել է Հակակոռուպցիոն դատարան, դեռևս վարույթ հարուցելու մասին որոշում չենք ստացել»: Նյութը պատրաստ էր տպագրության, երբ հայտնի դարձավ, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ հունվարի 17-ին կայանալիք նիստի օրակարգում է «ՄՏՍ Հայաստանը» վաճառելու գործարքը մերժելու հարցը։ Ընդ որում, որպես հիմնավորում նշվում է այն հանգամանքը, որ ընկերության վաճառքի հետ կապված առարկություն է ներկայացրել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ Ուշագրավ է, որ հանկարծ նորից ի հայտ է եկել «ազգային անվտանգությունը կամ պետական շահերը վնասելու» հանգամանքը: Այս ամբողջ մութ պատմության մեջ փաստացի միակ դրականն այն է, որ լրատվամիջոցների, այդ թվում՝ մեր՝ ոչ մեկ անգամ բարձրացրած խնդիրը, կարծես, ուշադրության է արժանացել և ընթացք ստացել:
«Փաստ» օրաթերթը գրում է. Ինչպես հայտնի է, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովը անցկացվելու է Բաքվում, և տեղեկություններ կան, որ նաև այդ համաժողովն է Ադրբեջանն օգտագործելու Հայաստանի դեմ նոր քարոզչական արշավ իրականացնելու համար, ի մասնավորի՝ «էկոլոգիական» ասպեկտով: Այս մասին բարձրաձայնում են նույնիսկ արտերկրյա լրատվամիջոցները՝ նշելով, որ, փորձագետների համոզմամբ, Բաքվի ձեռքում այդ ֆորումը կդառնա «էկոլոգիական» համատեքստում Հայաստանի վրա հարձակվելու միջոց: Ընդհանրապես, բոլոր առումներով, այդ թվում՝ էկոլոգիական տեսանկյունից հանցագործ այդ երկիրը հնարավոր ու անհնար բոլոր միջոցները կիրառում է Հայաստանի հանքարդյունաբերության դեմ արշավ իրականացնելու համար: Տնտեսագետ Սուրեն Պարսյանը համոզված է, որ ակնհայտորեն Ադրբեջանը դա անում է բացառապես քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, այդ երկրին հետաքրքրում է ոչ թե բնապահպանական խնդիրը, այլ քաղաքականությունը։ Ըստ էության, Ադրբեջանի խնդիրն է թուլացնել Հայաստանը՝ սլաքներն ուղղելով մեր տնտեսության ողնաշարի ուղղությամբ: Ադրբեջանի թիրախում պարբերաբար հայտնվում է Հայաստանի խոշորագույն հարկատուն` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, և զարմանալիորեն դեռևս կան որոշ շրջանակներ, որոնք այստեղից մեծապես օգնում են այդ հարձակումներին` իրենց անհասկանալի հրապարակումներով և շատ հաճախ կեղծ տեղեկատվությամբ։
Այս թեմայի հետ կապված՝ օրերս լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ՀՀ ՏԿԵ փոխնախարար Հովհաննես Հարությունյանն ասել էր. «Կազմակերպություններ կան, որոնց գործունեությունը դիտարկելիս չենք հասկանում, թե ում ջրաղացին են ջուր լցնում։ Ես նրանց կոչ կանեմ՝ նման պրոցեսների մեջ մտնելուց առաջ մտածել իրենց, ապագա սերունդների և Հայաստանի մասին»: Որոշ ժամանակ առաջ մենք տեղեկություն էինք հրապարակել նաև, որ մոտ երկու տարի Հայաստանում «թունավոր ծանր մետաղների տարածման ուղիների» հետ կապված ուսումնասիրություններ է իրականացրել չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպությունը, ինչպես նաև հարցեր էինք բարձրացրել, թե ինչո՞ւ է արտերկրյա ՀԿ-ն ուսումնասիրություններ անում Հայաստանում, ո՞վ է թույլ տվել, ովքե՞ր են այդ փորձագետները, որքանո՞վ կարելի է վստահ լինել նրանց օբյեկտիվության մեջ, ի՞նչ երաշխիքներ կան, որ այդ տեղեկությունները չեն հայտնվի Ադրբեջանի կամ Թուրքիայի ձեռքում, կամ եթե ամբողջությամբ հրապարակային են լինելու ուսումնասիրության արդյունքները, ինչպե՞ս կարող են դրանք օգտագործվել նշյալ երկրների կողմից և այլն: Այս թեմայի հետ կապված Հարությունյանն ասել է. «Մենք էլ ենք տեղյակ, կան աշխատանքներ, որոնց մասին բարձրաձայն չենք խոսում, օրինակ՝ ազգային անվտանգության հարցերը։ Մենք ուսումնասիրում ենք բոլոր կազմակերպությունների գործունեությունները, թույլ տվեք մեր եզրակացություններն այս պահին չհրապարակեմ»: Ստացվում է, որ նոր սկսվող տարին ևս զերծ չի լինելու Հայաստանի տնտեսության ռազմավարական ուղղության դեմ տարվող արշավներից։ Հուսանք՝ ամեն ինչ կարվի, որպեսզի մենք մեր ձեռքերով Ադրբեջանի ջրաղացին ջուր չլցնենք:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2024 թվականի հունվարի մեկից հաստատվել են ավտոկայանատեղիների կարմիր գծերի նոր գները, եւ տարեկան սպասարկման գինը 160 հազար դրամ է։ Ուսումնասիրելով հաստատված օրենքի նշված կետը՝ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ դրանք ամենեւին էլ տարեկան վճարներ չեն: Եթե ավտոկայանման 1 տարվա համար ցանկանում եք վճարել, օրինակ, մարտի 1-ից, ապա ստիպված պետք է լինեք վճարել նույն 160 հազար դրամը։ Բացատրենք՝ ինչպես. օրենքը սահմանում է, որ յուրաքանչյուր ժամանակահատվածում կատարած վճար, որը ենթադրում է մեկ տարվա սպասարկում, գործում է ոչ թե մինչեւ հաջորդ տարվա նույն ժամանակահատվածը, այլ տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը՝ ժամը 00:00-ն: Այսինքն՝ 6 ամսվա համար էլ, 12 ամսվա համար էլ նույն 160 հազար դրամը պետք է վճարի երեւանցին: Ստացվում է, որ քաղաքացիները եթե վճարեն հունվարից կամ ավելի ուշ՝ մայիսից, հունիսից կամ սեպտեմբերից, միեւնույնն է, նույն 1 տարվա սպասարկման վճար է գանձվելու՝ 160 հազար դրամ, եւ այն ուժի մեջ կմնա մինչեւ դեկտեմբերի 31-ը։ Եղավ այնպես, որ կայանատեղիների վճարները ոչ թե Կենտրոնը բեռնաթափելու, այլ քաղաքային բյուջեն հարստացնելու եւ պարգեւավճարների ձեւով հեղափոխականների գրպաններ լցնելու համար են։ Այլ կերպ ասած՝ թալան՝ քաղաքացիների գրպանի հաշվին»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ տոներից հետո նախաքննական մարմինը որոշել է Երեւանի քաղաքապետարանի միջադեպի գործով հարցաքննել միջադեպի մյուս մասնակիցներին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ անգամ բարձրացվել է հարցը, որ միգուցե Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանին ճանաչեն տուժող։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոնի քննչական բաժին է հրավիրվել եւ հարցաքննվել Երեւանի ավագանու կին անդամներից ընդամենը մեկը՝ Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը. նրանից հետո այլ անձ չի հարցաքննվել։ Իսկ ի՞նչ էր արել Սոնա Աղեկյանը քաղաքապետարանում միջադեպի ժամանակ: Ավագանու անդամ Անի Խաչատրյանը ամբիոնից հնչեցրեց հայտարարություններ, որոնք դահլիճում կրքերը թեժացրին: Ու երբ Անի Խաչատրյանը լքեց ամբիոնը եւ վերադառնում էր նստելու իր տեղը, ավագանու անդամ Սոնա Աղեկյանը բաժակի ջուրը լցրեց նրա վրա, ինչից հետո սկսվեց ողջ կռիվը։ Փաստ է մեկ բան. արդեն միջադեպից անցել է շուրջ 2 ամիս, եւ գործով ո՛չ մեղադրյալ կա, ո՛չ տուժող։
Ըստ նախաքննական մարմնի՝ Սոնա Աղեկյանը ընդամենը ջուր է լցրել Անի Խաչատրյանի վրա, մինչդեռ Խաչատրյանը բռնել է նրա մազերից ու քաշքշել։ Հիշեցնենք, որ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023 թվականի նոյեմբերի 21-ին՝ Երեւանի ավագանու հերթական նիստի ժամանակ՝ ավագանու մի քանի անդամների միջեւ առաջացած տարաձայնության ընթացքում, փոխադարձ հարվածներ են հասցվել, որի ընթացքում, հասարակության նկատմամբ դրսեւորելով անհարգալից վերաբերմունք, հնչել են հայհոյանքներ՝ այդկերպ խախտելով քաղաքապետարանի բնականոն աշխատանքը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը) եւ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (մի խումբ անձանց կողմից հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը) հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն, հանգամանքները պարզվում են»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային Ժողովի 8-րդ գումարման 7-րդ նստաշրջան բերած նախագծի հաստատումից հետո, հնարավոր է, որ Հայաստանում այլեւս չլինեն վաստակավոր հռչակված արտիստներ, երգիչներ, դերասաններ, ճարտարապետներ եւ պետական կառավարման համակարգից անջատ գործող բնագավառի ներկայացուցիչներ։ Բանն այն է, որ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ԿԳՄՍՆ-ի, ԱԺ է ուղարկել «ՀՀ պետական պարգեւների ու պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքի մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքից եւ հարակից այլ օրենքներից հանել ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի, ՀՀ գիտության վաստակավոր գործչի, ՀՀ վաստակավոր ճարտարապետի, ՀՀ վաստակավոր շինարարի, ՀՀ վաստակավոր բժշկի, ՀՀ վաստակավոր իրավաբանի, ՀՀ վաստակավոր արտիստի, ՀՀ վաստակավոր նկարչի, ՀՀ արվեստի վաստակավոր գործչի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի, ՀՀ վաստակավոր մանկավարժի, ՀՀ վաստակավոր լրագրողի, ՀՀ տնտեսության վաստակավոր աշխատողի, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի, ՀՀ վաստակավոր մարզչի կոչումները: Ստացվում է այնպես, որ, ըստ հեղափոխական իշխանության, եթե մարդը պետական պաշտոնյա չէ, արժանի չէ պետական կոչման կամ պարգեւատրման։
Նախագծի ակնկալվող արդյունքը հետևյալն է․ «Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է օրենքով սահմանված բնագավառներում գործող մասնագետների համար ապահովել հավասար պայմաններ ինքնադրսեւորվելու ու գործելու, այդ թվում՝ ստեղծագործելու համար, ապահովել առանձին մասնագիտական հանրույթների ներսում առողջ մրցակցության ու բարոյահոգեբանական պատշաճ մթնոլորտի ձեւավորման, առանձին ոլորտներում օբյեկտիվ չափանիշներով աչքի ընկած մասնագետներին խրախուսելու արժանիքահեն, չափելի ցուցանիշների եւ մրցութային համակարգի վրա հենված գործիքակազմի ներդրում»։ Բանն այն է, որ սրանք ամենեւին էլ հավասար պայմաններ չեն, եւ սա արտոնություն է իշխանությունների հետ սերտ հարաբերություններ ունեցող արտիստների համար։ Այսինքն՝ 2024 թվականից, հնարավոր է, դադարի ՀՀ վաստակավոր մարդկանց պարգեւատրումը, եւ շատ ոլորտներ, ինչպես երաժշտությունը, գիտությունը, ճարտարապետությունը, սպորտը, թատերական ոլորտները, լրագրությունը, չունենան ոլորտի լավագույն մասնագետի պատշաճ օրինակ։ Այս ամենից հետո մի հարց է մնում՝ ինչպե՞ս է Ալեն Սիմոնյանը Սուպեր Սաքոյին խոստացած վաստակավոր արտիստի կոչումը տալու. գուցե իրեն օգնական նշանակելո՞վ, քանի որ ՀՀ-ում այլ արժանավորներ չկան, չեն լինելու, բացի պետական պաշտոնյաներից»։