23.11.2024
Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
prev Նախորդ նորություն

«Երևանը պետք է լինի «խելացի քաղաք»՝ թվայնացված ու արդիականացված». Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ցինդաոյի քաղաքային ժողովրդական կոնգրեսի մշտական հանձնաժողովի նախագահ Վան Լյումինգի գլխավորած պատվիրակությանը: Երկու քաղաքների միջև այս տարի ամռանը ստորագրվել է քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիր:

Առանձնակի կարևորելով երկուստեք կապերի ամրապնդումն ու ընդլայնումը՝ քաղաքապետ Ավինյանը նշել է, որ կողմերը պետք է հետևողական աշխատանք տանեն ստորագրված փաստաթուղթը գործնականում կյանքի կոչելու համար:

«Մենք պետք է համատեղենք մեր երկու թիմերի ջանքերը, որ Երևանի և Ցինդաոյի միջև հաստատված գործակցությունը դառնա արդյունք: Ես տպավորված եմ Չինաստանի տարբեր քաղաքներում ներդրված խելացի լուծումներով ու համակարգերով, որոնք հեշտացնում էին մարդկանց կյանքը: Մենք ևս մեր առջև խնդիր ենք դրել, որ Երևանը լինի «խելացի քաղաք»՝ թվայնացված ու արդիականացված, և վստահ եմ, որ Ցինդաոյի փորձը կարող է օգտակար լինել այդ ճանապարհին»,- ընդգծել է Երևանի քաղաքապետը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ցինդաոյի քաղաքային ժողովրդական կոնգրեսի մշտական հանձնաժողովի նախագահ Վան Լյումինգն իր հերթին նկատել է, որ երկու քաղաքների միջև առկա է լայն դաշտ՝ արդյունավետ գործակցություն ծավալելու և համատեղ ծրագրեր իրականացնելու համար:

«Երևանը և Ցինդաոն քույր քաղաքներ ճանաչելը կարևոր գործոն է հարաբերությունների զարգացման համար: Ցինդաոն՝ Չինաստանի, Երևանն էլ Հայաստանի տնտեսական կենտրոնն է, և ես վստահ եմ, որ համագործակցության շրջանակում շատ բաներ կսովորենք իրարից, ինչից կշահեն երկու քաղաքները»,-նշել է Վան Լյումինգն ու Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին պաշտոնական այցով հրավիրել է Ցինդաո:

Հանդիպման շրջանակում կողմերը պայմանավորվել են քաղաքային տնտեսության հստակ ուղղություններով մշակել աշխատանքային ծրագիր՝ գործնականում դրանք կյանքի կոչելու համար: