25.11.2024
Նիկոլ Փաշինյանը Ռեյկյավիկում կմասնակցի Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովին
prev Նախորդ նորություն

Արցախի ԱԳՆ քննադատել է Միշելի հայտարարությունները բրյուսելյան հանդիպումից հետո

Արցախի ԱԳՆ հայտարարությունը Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով Եվրոպական խորհրդի նախագահի հնչեցրած արտահայտությունների կապակցությամբ.


Մայիսի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման արդյունքներով, հանդես է եկել ԶԼՄ-ների համար հայտարարությամբ։ Ինչպես հայտարարության ընդհանուր բովանդակությունը, այնպես էլ դրա առանձին դրույթներ վկայում են այն մասին, որ Եվրամիության ղեկավարությունը շարունակում է անտեսել Արցախի ժողովրդի օրինական իրավունքներն ու շահերը և առաջնորդվում է միայն տարածաշրջանում ունեցած սեփական աշխարհաքաղաքական և կարճաժամկետ շահերով՝ ի վնաս Եվրամիության կողմից հռչակված ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքների։


Այդ է վկայում մասնավորապես այն, որ տվյալ հայտարարությունում բացակայում է որևէ հիշատակում Լաչինի միջանցքի արդեն ավելի քան 5 ամիս շարունակվող արգելափակման, միջանցքի մուտքի մոտ ադրբեջանական ապօրինի անցակետի տեղադրման և Արցախի 120 հազար բնակչության փաստացի պաշարման մասին՝ դրանից բխող բոլոր հումանիտար հետևանքներով։ Այս փաստը ցույց է տալիս, որ Եվրոպական խորհրդի նախագահը ոչ միայն չի խոչընդոտում, այլև փաստացի խրախուսում է Ադրբեջանին Արցախի ժողովրդի տառապանքներն օգտագործել որպես քաղաքական գործիք։


Սակայն, եթե Արցախում հումանիտար աղետ հրահրելու և էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի մտադրություններն ու տեսանելի գործողությունները չեն մտահոգում Եվրոպական խորհրդի նախագահին, ապա մենք իրավունք ունեինք ակնկալելու, որ նրա ներկայացրած կազմակերպությունն անմիջական շահագրգռվածություն կցուցաբերի Ադրբեջանի կողմից ժամանակակից միջազգային իրավակարգի հիմնասյուներից մեկը հանդիսացող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումների անշեղ իրականացման նկատմամբ։ Այս առումով տարակուսանք է առաջացնում, որ Եվրոպական խորհրդի նախագահը ցուցադրաբար անտեսում է Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի բարձրագույն դատական մարմնի իրավաբանորեն պարտադիր վճռի հետևողական չիրաանացումը, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերի, մասնավորապես, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման և վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքների համակարգված խախտումները։


Միայն միջազգային հանրության գործուն քայլերը՝ ուղղված Ադրբեջանի կողմից 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի 2023 թ․ փետրվարի 22-ի որոշման անհապաղ և լիարժեք իրականացման ապահովմանը, կարող են վկայել, որ միջնորդի դերում հանդես եկողներն անկեղծ շահագրգռված են տարածաշրջանում երկարատև խաղաղությամբ և կայունությամբ։ Համոզված ենք, որ այն միջազգային դերակատարները, որոնք իրենց գործողություններով կամ անգործությամբ խրախուսում են Բաքվին իր ագրեսիվ, ծավալապաշտական քաղաքականության և միջազգայնորեն հակաիրավական գործողությունների մեջ, ոչ միայն պատասխանատու են դրանց ծանր հետևանքների համար, այլև արդարացնում են նման քաղաքականության և խախտումների կրկնությունն աշխարհի այլ կետերում։


Կրկին հիշեցնում ենք, որ 1991 թ․ Արցախի ժողովուրդը, միջազգային իրավունքի նորմերին և այն ժամանակ գործող ներպետական օրենսդրությանը լիովին համապատասխան, իրացրել է ինքնորոշման իր անքակտելի իրավունքը և ստեղծել իր պետականությունը նույն հիմքերի վրա, ինչ Ադրբեջանը և Հայաստանը: Արցախի իշխանությունները հետևողականորեն պաշտպանել և շարունակելու են պաշտպանել իրենց ժողովրդի օրինական ընտրությունն ու ազատ կամարտահայտությունը։


Առանձին երկրների և միջազգային կազմակերպությունների որևէ ներկայացուցիչ իրավունք չունի տնօրինել Արցախի ժողովրդի ճակատագիրը։ Ավելին, ուժի ապօրինի կիրառման և շարունակվող տեռորի օրինականացման վրա հիմնված օրակարգն Արցախի ժողովրդին պարտադրելու ցանկացած փորձ հավասարազոր է մեղսակցության Արցախի էթնիկ զտմանն ու տարածաշրջանում լարվածության մշտական օջախի պահպանմանն ուղղված Ադրբեջանի հանցավոր ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև՝ վերջինիս տարածքային նկրտումների ու ագրեսիվ քաղաքականության խրախուսման։


Այս կապակցությամբ կրկին վերահաստատում ենք Արցախի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների վճռականությունը՝ շարունակել պայքարն իրենց անքակտելի իրավունքների համար՝ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան։ Համոզված ենք, որ միայն Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի ճանաչումը կարող է հիմք հանդիսանալ հակամարտության կայուն կարգավորման և տարածաշրջանում երկարաժամկետ ու արդար խաղաղության և կայունության հաստատման համար։


Միաժամանակ, հիշեցնում ենք, որ Արցախի Հանրապետության իշխանությունները մշտապես հանդես են եկել բանակցությունների միջոցով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման օգտին։ Արցախի Հանրապետությունը շարունակում է բաց մնալ հակամարտության բոլոր բաղադրիչների և խաղաղ կարգավորմանն ուղղված ողջամիտ առաջարկների քննարկման համար՝ համաձայնեցված և միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափով, կողմերի իրավահավասարության հիման վրա և նրանց ստանձնած պարտավորությունների իրականացման միջազգային ամուր երաշխիքների առկայության պայմաններում։