23.11.2024
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Իգոր Խովաևին
prev Նախորդ նորություն

Սյունիքի մարզպետը Տեղի բնակիչների հետ քննարկել է հակառակորդի առաջխաղացման հետեւանքները

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այցելել է Տեղ համայնքի ղեկավարի եւ բնակիչների հետ քննարկել է համայնքին առնչվող անվտանգային հարցեր ու Տեղի տարածքում հակառակորդի առաջխաղացման հետեւանքները։ Այս մասին տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանը։


Ներկայացնելով շրջայցի նպատակները՝ Ռ․Ղուկասյանը նշել է․ «Որպեսզի ճիշտ կառավարենք, բնակիչներն իրենք տեղերից պետք է բարձրաձայնեն խնդիրների մասին, իսկ մենք պարտավոր ենք տարբերակներ առաջարկել ու ձգտել լուծել դրանք»։


Ավագանու անդամները մի շարք հարցերի մասին են բարձրաձայնել, որոնք հիմնականում վերաբերում էին վարելահողերին, այն հողատարածքների ու արդեն կատարած ցանքսերի փոխհատուցմանը, որոնք օգտագործել չեն կարողանում, սուբվենցիոն ծրագրերին, կաթի մթերմանը, կոյուղու կառուցմանը եւ այլն։


Օրվա երկրորդ կեսին Ռոբերտ Ղուկասյանն այցելել է համայնքի Արավուս բնակավայր, շրջել գյուղում, ծանոթացել ենթակառուցվածքներին ու խնդիրներին։


Արավուսցիների հետ հանդիպմանը վերջիններս մարզպետին են ներկայացրել իրենց հուզող հարցերը, որոնք մասնավորապես առնչվում էին անվտանգությանը, մանկապարտեզ բացելուն, տների սեփականաշնորհման վկայականներին, հանդիսությունների սրահի նորոգմանը, աշխատատեղերին, բուժսպասարկմանը եւ այլն։


Ռոբերտ Ղուկասյանը այցելեց նաեւ Արավուսի տարրական դպրոց, եղավ գյուղում գործող ջերմոցում՝ ծանոթանալով դրա գործունեությանը։


Այցի ընթացքում մարզպետին ուղեկցում են տեղակալներն ու խորհրդականները։