Նարեկ Մկրտչյանը շնորհավորական ուղերձ է հղել. Բարեփոխումներն շարունակական են
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ, որում մասնավորապես նշված է.
«Հարգելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ որպես աշխատանքի և զբաղվածության ոլորտը համակարգող գերատեսչություն, իր առաջնահերթություններից է համարում քաղաքացիներին արժանապատիվ աշխատանքով ու կայուն զբաղվածությամբ ապահովումը, աշխատաշուկայում ինքնիրացման հնարավորությունների ընդլայնումը՝ վերջիններիս մրցունակության բարձրացման, մասնագիտական ներուժի իրացման ու ընտանիքի բարեկեցության ապահովման միջոցով։
Հենց այս նպատակներին են ուղղված և՛ Զբաղվածության ռազմավարության մշակումը, և՛ իրականացվող ոլորտային բարեփոխումներն ու ծրագրերը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ այս տարի լայնածավալ փոփոխություններ ենք նախատեսել ՀՀ աշխատանքային օրենսգրքում։ Բարեփոխումներն ուղղված են կարգավորելու աշխատողների և գործատուների իրավահարաբերությունները, լուծելու իրավակիրառ պրակտիկայից բխող բազմաթիվ խնդիրներ։
Կարևորելով աշխատող քաղաքացու իրավունքները՝ վերջերս ԱԺ-ն ընդունեց նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ նախատեսող օրենքի մեկ այլ նախագիծ, որը հնարավորություն կընձեռի վարժական հավաքներին ներգրավված աշխատողների աշխատավարձը պահպանել ամբողջությամբ։
Կառավարության կողմից հավանության արժանացավ նաև «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագիծը, որի ընդունումը կնպաստի Հայաստանում կամավոր աշխատանքի ինստիտուտի և մարդկային կապիտալի զարգացմանը, աշխատանքային փորձառության ձեռքբերմանը և աշխատանքի շուկայում անձի մրցունակության բարձրացմանը։
Բարեփոխումներն իրար հաջորդող են ու շարունակական, ուստի մեկ անգամ ևս շնորհավորում եմ օրվա առթիվ, մաղթում անսպառ եռանդ և նորանոր ձեռքբերումներ․ աշխատանքով և միայն աշխատանքով կարող ենք հաղթահարել եղած մարտահրավերներն ու հասնել ցանկալի արդյունքի»,- նշվում է ուղերձում: