ԱԺ պատգամավորները երդման տեքստը կստորագրեն
Առաջարկվում է նախատեսել բոլոր պատգամավորների համար Ազգային ժողովի նիստում երդման տեքստի ստորագրում: ՀՀ ԱԺ պատգամավորներ Ալխաս Ղազարյանի, Վլադիմիր Վարդանյանի, Արփինե Դավոյանի հեղինակած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը նպատակ ունի հրապարակային տրված հանդիսավոր երդմամբ անձանց մոտ ավելացնել իրենց պաշտոնով պայմանավորված պատասխանատվության գիտակցումը: Հանրությանը տրված երդումը ապագայում կծառայի որպես բարեխիղճ, օրինական և պատասխանատու վարքագծի կարևոր բաղադրիչ:
Հարակից զեկուցմամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշել է, որ նախագիծն ուղղված է ՀՀ քաղաքացու առջև պատգամավորի ստանձնած պատասխանատվության ավելացմանը, ուստի հորդորել է կողմ քվեարկել օրինագծին:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը, ներկայացնելով Կառավարության դիրքորոշումը, տեղեկացրել է, որ Կառավարությունն առաջարկներ չունի:
Օրենքի նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Պատգամավորների հեղինակած նախաձեռնությունը քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում: