27.11.2024
ՀՀ և Ավստրիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը
prev Նախորդ նորություն

Բաքուն վարում է անհայտ կորածների մասին տեղեկությունների աղճատման քաղաքականություն․ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը տեսաուղերձով հանդես է եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 51-րդ նստաշրջանի շրջանակում անցկացվող Բռնի անհետացումների հարցերով աշխատանքային խմբի հետ քննարկմանը (տեսաուղերձը նկարահանվել է օգոստոսի 31-ին, քարտուղարության կանոնների համաձայն՝ ուղարկվել է սեպտեմբերի 8-ին)։


Պաշտպանը նշել է, որ ցավալիորեն, ամբողջ աշխարհում ընթացող հակամարտությունները բարենպաստ միջավայր են ստեղծել բռնի անհետացումների համար, և Հայաստանը դա գիտի իր օրինակով։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) տվյալների համաձայն՝ 2020 թվականի պատերազմից հետո 303 հայ դեռ համարվում է անհայտ կորած։ Անհայտ կորածների մասին տեղեկությունների աղճատման կամ ընդհանրապես, տեղեկություններ չտրամադրելու ադրբեջանական քաղաքականությունը և քաղաքական առավելություններ ստանալու համար այդ հարցի օգտագործումը մարդու իրավունքների կոպիտ և շարունակական խախտում է։


Պաշտպան Գրիգորյանը նշել է, որ զինված հակամարտությունների ընթացքում և դրանից հետո բռնի անհետացումը մարդու իրավունքների միջազգային մեխանիզմների համար նույնպես առաջ է քաշել ավելի լուրջ մարտահրավեր, որին անհրաժեշտ է դիմակայել բոլոր մակարդակներում։


Եզրափակելով ելույթը՝ տիկին Գրիգորյանն անդրադարձել է Հայաստանի կառավարությանը, որպես Մարդու իրավունքների ազգային ինստիտուտ, իր առաջարկին` ընդունել ազգային օրենսդրություն՝ ապահովելով իրավական միջոցներ և արդյունավետ ու ինստիտուցիոնալ կերպով արձագանքելով պատերազմի ընթացքում և դրանից հետո բռնի տեղահանված անձանց ընտանիքներին և զոհերին: Պաշտպանը կարևորել է նաև միջազգային շրջանակների և աշխատանքային խմբի մանդատի հետագա ամրապնդման անհրաժեշտությունը՝ տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում այդ նողկալի երևույթի դեմ պայքարելու նպատակով։