Ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր
Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակը հաստատել է, որ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը ՌԴ խաղաղապահ զորակազմի և ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ համատեղ այցելել է Բերձոր: Այս մասին գրում է Armenpress-ը:
«Առավոտ» օրաթերթի կայքէջում «Վիտալի Բալասանյանը Բերձոր է այցելել ադրբեջանցի պաշտոնյաների եւ ռուս հրամանատարների հետ» վերտառությամբ հոդված էր հրապարակվել, որում Բերձորի բնակիչ Սաթիկ Ասատրյանը հայտնել էր, որ Բալասանյանը Ադրբեջանի պաշտոնյաների և ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարների հետ շրջել է Բերձորում: Տեղեկությունը նաև հաստատել էր Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը:
«Արմենպրես»-ի գրավոր հարցմանն ի պատասխան, թե ո՞րն էր այցելության նպատակը և ի՞նչ հարցեր են քննարկվել, Արցախի ԱԽ գրասենյակից նշել են.
«Անդրադառնալով Անվտանգության խորհրդի քարտուղարի՝ քաղաք Բերձոր կատարած այցելությանը, այն պայմանավորված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված՝ Արցախը Հայաստանին կապող նոր երթուղու շինարարության ընթացքին ծանոթանալու նպատակով և տեղի է ունեցել Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի, ինչպես նաև ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ համատեղ»:
Հարցին, թե արդյոք նմանատիպ այցելություններ եղել են Աղավնո և Ներքին Սուս բնակավայրեր, ԱԽ գրասենյակից բացասական պատասխան են տվել:
Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում Աղավնոյի, Բերձորի, Ներքին Սուսի բնակիչներին պատշաճ և անվտանգ տարհանումը մինչև օգոստոսի 25-ը կազմակերպելու համար:
«Տեղեկացնում ենք, որ մնացյալ հարցերով կարող եք դիմել Արցախի Հանրապետության համապատասխան լիազոր մարմիններ»,- նշել են Արցախի ԱԽ գրասենյակից: