Այս որոշումը աննախադեպ է Հայաստանի իրավական պրակտիկայում. Ավետիք Չալաբյան
Տառացիորեն մեկ ժամ առաջ, Հայաստանի գործող իշխանությունների ուղիղ հրահանգով, դատարանը, ուղիղ եթերում, ծայրահեղ ապօրինի որոշում կայացրեց նորից ազատությունից զրկել ինձ, տառացիորեն մեկ շաբաթ ազատության մեջ գտնվելուց հետո: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը:
«Այս որոշումը աննախադեպ է Հայաստանի իրավական պրակտիկայում, թերևս հազվագյուտ դեպք է, երբ անձը կալանավորվում է հիմքերի լիակատար բացակայության, և օրենքի պահանջների կոպիտ խախտման պայմաններում:
Այս անհեթեթ գործողությունը ցույց է տալիս, թե որքան է գործող վարչախումբը սարսափում իր սկզբունքային ընդդիմախոսներից, և ինչ աղաղակող ապօրինությունների է այն պատրաստ գնալ՝ սեփական իշխանությունը երկարաձգելու նպատակով: Սակայն և ոչ մի ապօրինություն ի զորու չի շեղելու մեզ մեր նպատակից՝ կառուցելու ազատ ու հզոր երկիր, և արդար հասարակարգ բոլորիս համար: Մեր պայքարը շարունակվում է և միայն նոր թափ է ստանալու, մինչ այդ ես շնորհակալություն եմ հայտնում մեր բազմաթիվ արժանապատիվ քույրերին և եղբայրներին, որոնք այս օրերին գտնվեցին մեր կողքին, և իրենց ներկայությամբ և սկզբունքային դիրքորոշմամբ, ուժ և վճռականություն տվեցին մեզ շարունակելու մեր պայքարը:
Աստված պահապան բոլորիս»:
Այսօր դատարանը երեք ամսով կալանավորման որոշում կայացրել Ավետիք Չալաբյանի նկատմամբ:
Հիշեցնենք, որ նախորդ՝ օգոստոսի 1-ի նիստում, Չալաբյանի պաշտպանները դատավոր Մարտիրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին, որը մերժվեց։
Չալաբյանը մեղադրվում է ընդդիմության ցույցերին մասնակցելու նպատակով ուսանողներին նյութապես շահագրգռելու մեջ։ Հիշեցնենք, հուլիսի 27-ի երեկոյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից։