24.11.2024
Միրզոյանն ու Պոլոլիկաշվիլին քննարկել են Հայաստանում զբոսաշրջության ոլորտի նախագծերը
prev Նախորդ նորություն

ԿԲ-ն անկանխիկ գործառնությունների մասին. քաղաքացիները միջնորդավճար չեն վճարելու

Կենտրոնական բանկը հրապարակել է Հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ առավել հաճախ հնչող հարցերի պատասխանները։


1. Ի՞նչ է կարգավորում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը:


«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) համաձայն՝ 2022թ-ի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության տարածքում 300 հազար ՀՀ դրամը գերազանցող օրենքով սահմանված գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով: Ընդ որում՝ առանձին գործարքների, օրինակ՝ կրթաթոշակների, պետական գնումների, բժշկական, կրթական, նոտարական, փաստաբանական, այդ թվում՝ խորհրդատվական բնույթի այլ ծառայությունների դիմաց կատարվող վճարները, անկախ գումարային մեծությունից, պետք է ամբողջությամբ անկանխիկ իրականացվեն։ Անկանխիկ են լինելու նաև աշխատավարձերի վճարումները, բանկերի, վարկային կազմակերպությունների կողմից վարկերի և փոխառությունների տրամադրումը: Տրամադրված փոխառությունների մարումը, ապահովագրական հատուցումները ևս կատարվելու են անկանխիկ եղանակով:


2. Ո՞րն է Օրենքի նպատակը և ի՞նչ ազդեցություն այն կունենա:


Առաջին և ամենակարևոր նպատակը ՀՀ քաղաքացիների՝ անկանխիկ վճարումներ կատարելու իրավունքի իրացումն է: ՀՀ քաղաքացիները, անկանխիկ վճարելու ցանկության դեպքում, պետք է ունենան դրա հնարավորությունը, իսկ տնտեսվարող սուբյեկտը, ծառայություն մատուցողը պետք է ապահովի այդ իրավունքի պատշաճ իրականացումը:


Օրենքն ունի ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ դրական ազդեցություն: Քաղաքացին հնարավորություն է ստանում անկանխիկ կենսակերպ վարել, ինչի շնորհիվ, բացի կարճաժամկետում կանխիկի հետ կապված ռիսկերից և անհարմարություններից խուսափելուց, երկարաժամկետում նրան հասանելի են դառնում նաև ֆինանսական ավելի լայն ծառայություններ: Մասնավորապես, հաշիվ ունենալն ու անկանխիկ գործարքներ իրականացնելը հնարավորություն է տալիս ավելի լավ կառավարելու դրամական միջոցները, խնայողությունները, կուտակելու վարկային պատմություն, դիմելու վարկային գծի համար և այլն:


Երկարաժամկետ կտրվածքով Օրենքը նպաստելու է նաև մեր երկրում թվայնացման գործընթացին, ստվերի կրճատմանը, որը նշանակում է՝ ավելի շատ հարկերի հավաքագրում, կրթության, գիտության, առողջապահության ֆինանսավորման ծավալների մեծացում: Բացի այդ, թվայնացմանը զուգընթաց հասանելի է դառնում տվյալների ավելի արդյունավետ վերլուծությունը, ինչը քաղաքացիներին ավելի կատարելագործված ու անհատականացված ֆինանսական ծառայությունների մատուցման հնարավորություն է ստեղծում:


3.Արդյո՞ք անկանխիկ եղանակով գործարք իրականացնելու դեպքում սպառողն ավելի բարձր գին չի վճարելու, քան կանխիկի դեպքում:


Անկանխիկ գործարքի դեպքում քաղաքացին պետք է վճարի նույն գինը, ինչ կանխիկի դեպքում կվճարեր: Այս առումով քաղաքացին չպետք է տուժի: Հարցը հստակ կարգավորված է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով, որի 4-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ համապատասխան ծառայություններ մատուցող, ապրանք վաճառող կազմակերպություններն իրավունք չունեն անկանխիկ ձևով վճարում նախատեսող գործարքներում առաջարկելու և (կամ) ստանալու ավելի բարձր գին, քան առաջարկում և (կամ) ստանում են կանխիկ ձևով վճարում նախատեսող գործարքներում:


4. Որքա՞ն են կազմելու անկանխիկ գործարքների դիմաց առևտրային բանկերին վճարվող միջնորդավճարները:


Նախ՝ պետք է հասկանալ, որ առևտրային բանկերը գործում են ազատ մրցակցային դաշտում և ազատ են սահմանելու իրենց կողմից մատուցվող ծառայությունների գները, այս դեպքում՝ անկանխիկ գործառնությունների իրականացման դիմաց գանձվող միջնորդավճարները: Մյուս կողմից, սակայն, հարկ է նշել, որ առևտրային բանկերը տվյալ ծառայությունները մատուցելիս ևս իրականացնում են բազմաթիվ ծախսեր, այդ թվում՝ միջազգային վճարահաշվարկային համակարգերին միջնորդավճարների վճարման, կիբեռանվտանգության պահպանման համար և այլն:


Ամեն դեպքում, Օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել անկանխիկ գործառնությունների համար միջնորդավճարների առավելագույն և նվազագույն սահմանաչափերը, ինչպես նաև դրանց վճարման դեպքերը, կարգը և պայմանները: Այս առումով, ներկայումս Կենտրոնական բանկը շարունակում է ուսումնասիրել ՀՀ բանկերի կողմից գանձվող միջնորդավճարների սահմանաչափերը և աշխատանքներ է իրականացնում դրանց օպտիմալացման ուղղությամբ՝ հաշվի առնելով Օրենքի պահանջներին տնտեսվարողների՝ հնարավորինս անցնցում կերպով համապատասխանության ապահովման անհրաժեշտությունը:


Արդեն իսկ արձանագրվում է միջնորդավճարների նվազման միտումներ: Մասնավորապես, ծրագրին մասնակից բանկերում ArCa վճարային քարտերի համար միջնորդավճարը սահմանվել է 1%, Արմենիան Քարդ պրոցեսինգային կենտրոնի անդամ բանկերի VISA և MasterCard քարտերի համար՝ 1.8%, Արմենիան Քարդ պրոցեսինգային կենտրոնի անդամ չհանդիսացող բանկերի VISA և MasterCard քարտերի համար (ներառում է նաև ոչ ռեզիդենտ բանկերի կողմից թողարկված քարտերը)՝ 2.5%:


Մյուս կողմից, հավատացած ենք, որ անկանխիկ գործառնությունների ծավալի աճին զուգընթաց կարող են ստեղծվել ավելի բարենպաստ պայմաններ միջնորդավճարները նվազեցնելու համար:


5. Ո՞վ է վճարելու միջնորդավճարներն անկանխիկ գործարքների դիմաց:


ՀՀ քաղաքացիները որևէ միջնորդավճար չեն վճարելու: Այս հարցը գտնվում է տնտեսվարողների և բանկերի միջև առկա պայմանագրային հարաբերությունների տիրույթում:


Սակայն, առաջին հայացքից թվում է, թե անկանխիկի անցումն ինքնին ենթադրում է ծախս ու կարող է բերել գների բարձրացման և, բնականաբար, կարող է հարց առաջանալ՝ իսկ եթե ապրանքների և ծառայությունների գները բարձրանա՞ն: Այստեղ կարևոր է հասկանալ, որ բուն անկանխիկ վճարումների համակարգի ակտիվացման և դրանց սպասարկման ծախսերը, ինչպես նշվել է, զգալի չեն: Միևնույն ժամանակ, առանձին տնտեսվարողներ կարող են որպես այս գործընթացի ապահովման ծախս ներկայացնել նաև վերջիններիս ստվերից դուրս գալու հետ կապված ծախսերը: Ամեն դեպքում, հաշվի առնելով, որ նման զարգացումները տեղի են ունենալու հիմնականում մանրածախ առևտրի ոլորտում, որտեղ մրցակցությունը բավականին սուր է, այդ առումով մրցակցությունը պետք է, որ չհանգեցնի հավելյալ չհիմնավորված գնաճային երևույթների:


Չի բացառվում, սակայն, որ առանձին տնտեսվարողներ փորձեն բարձրացնել ապրանքների գները՝ հակամրցակցային համաձայնություների միջոցով: Նմանօրինակ չարաշահումներ նկատելու դեպքում հարկ է դիմել գների կարգավորմամբ զբաղվող պետական մարմին՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողով:


6. Արդյո՞ք տերմինալներով վճարումը համարվում է անկանխիկ գործարք:


Ըստ Օրենքի՝ անկանխիկ է համարվում նաև կանխիկ եղանակով նախաձեռնած վճարումը, որն ուղղված է տնտեսվարողի բանկային հաշվին: Այսպիսով, տնտեսվարողների բանկային հաշվեհամարին վճարային տերմինալներով փոխանցումը համարվում է անկանխիկ գործարք, քանի դեռ օրենսդրությամբ և/կամ այլ իրավական ակտերով այլ կարգավորումներ չեն նախատեսվել:


7. Ինչո՞ւ չվճարել կանխիկ, որը «ծախսեր չի պահանջում», այլ վճարել անկանխիկ, որը «հավելյալ ծախս է ենթադրում»:


Իրականում կանխիկ փողը նույնպես գին ունի, օրինակ՝ տպելու, պահպանելու, փոխադրելու համար ծախս է պահանջվում: Պարզապես այդ գումարները «տեսանելի» չեն սպառողների համար, քանի որ ֆինանսական կառույցները, տնտեսվարողներն այդ ծախսը ներառում են մատուցվող ծառայությունների արժեքի մեջ: Կենտրոնական բանկն իր հերթին զգալի ծախսեր է իրականացնում կանխիկի պահպանման և թարմացման համար:


Այս առումով ևս ենթադրվում է, որ կանխիկի օգտագործման ծախսերի նվազմանը զուգընթաց պայմաններ են ստեղծվում նաև անկանխիկ գործառնությունների միջնորդավճարների նվազման ուղղությամբ: Կենտրոնական բանկը պարբերաբար մոնիթորինգի է ենթարկելու շուկայական գները՝ դրանց մակարդակի հիմնավորվածությունը գնահատելու նպատակով:


8. Կա՞ անհրաժեշտություն ձեռք բերելու նոր հաշվիչ դրամարկղային սարքեր (ՀԴՄ):


Անկանխիկ վճարումներ իրականացնելու համակարգը հնարավոր է ակտիվացնել ՀՀ առևտրային բանկերի միջոցով օրենքին համապատասխանող բոլոր ՀԴՄ սարքավորումների վրա: Այս սարքավորումներն այս պահին փոխելու կարիք չկա:


Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ վճարահաշվարկային համակարգերի զարգացման, նոր ֆինանսական գործիքների ու լուծումների ի հայտ գալու հետ մեկտեղ նշված սարքավորումներին ներկայացվող պահանջներն ընդլայնվում և փոփոխվում են: Հետևաբար, ժամանակի ընթացքում հին սերնդի ՀԴՄ սարքավորումները կարիք է լինելու փոխարինել նորով:


9. Այսպես կոչված «MF» մոդելի ՀԴՄ-ների շահագործման հետ կապված ի՞նչ խնդիրներ կան:


Partner MF-2351 տերմինալը համակարգում շահագործման է հանձնվել 2015թ․ մայիսից: Այս տերմինալի՝ անվտանգության պահանջներին համապատասխանության շահագործման ժամկետը լրանում էր 30.04.2020 թ-ին: ՔՈՎԻԴ-19 համավարակի պատճառով այդ ժամկետը 2020թ-ին երկարաձգվել էր մեկ տարով՝ մինչև 30․04․2021թ.։


Միջազգային վճարային համակարգերի կողմից սահմանված պահանջի համաձայն՝ 12․10․2018թ-ից սկսած, քարտ ընդունող նոր գրանցվող վաճառակետերում տերմինալները պարտավոր են սպասարկել անհպում քարտեր, ինչպես նաև ունենալ անվտանգության նշված պահանջներին համապատասխանություն։ Սահմանվել է վերջնաժամկետ՝ 01․04․2023թ․, ըստ որի՝ վաճառակետերում տեղադրված բոլոր տերմինալները պարտադիր պետք է սպասարկեն անհպում քարտեր և ունենան անվտանգության նշված պայմանները։


10. Ո՞վ է իրականացնելու անկանխիկ վճարումների համակարգի ակտիվացումը:


Հայաստանում ավելի քան 50 հազար տնտեսվարողի մոտ անկանխիկ վճարումների համակարգի ակտիվացման վերաբերյալ Հայաստանի բանկերի միությունում Կենտրոնական բանկի ու Հայաստանում գործող բոլոր առևտրային բանկերի միջև քննարկում է իրականացվել։


Նշված ծրագրի իրականացմանը մասնակցելուն պատրաստակամություն են հայտնել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն և «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն: Ընդ որում, Կենտրոնական բանկի կողմից ծրագրին մասնակից լինելու առաջարկն ուղղված է եղել ՀՀ-ում գործող բոլոր առևտրային բանկերին. արձագանքել են այս երկու կազմակերպությունները:


Հարկ է ընդգծել, որ Հայաստանի բոլոր քաղաքներում և գյուղերում տնտեսվարողների մոտ անկանխիկ վճարումների համակարգի ակտիվացումը քիչ եկամտաբեր է և ենթադրում է մեծ ներդրումներ: Ծրագրին միացած երկու բանկերի կողմից նշված ենթակառուցվածքը ստեղծելու համար արդեն իսկ իրականացվել են համապատասխան ներդրումներ՝ հնարավոր նվազագույն գներով տնտեսվարողներին ծառայություններ մատուցելու նպատակով:


11. Առաջացնելո՞ւ են ՀԴՄ սարքավորումների կարգավորումները հավելյալ ծախսեր:


Հաշվի առնելով ներկա փուլում տնտեսվարողների համար հավելյալ ծախսային բեռ չստեղծելու անհրաժեշտությունը, աշխատանքներ են տարվել բանկային համակարգի հետ՝ հասկանալու, թե ինչպես կարելի է հնարավորինս օպտիմալացնել ՀԴՄ սարքերի վրա անկանխիկ վճարումներ ընդունելու համակարգերի ակտիվացման հետ կապված վճարները և պայմանները:


Մասնավորապես, ըստ ծրագրին մասնակից 2 բանկերի առաջարկի՝ զրոյական շրջանառության դեպքում գանձվելու է ամսական վճար՝ Երևանում 4600 ՀՀ դրամի, այլ քաղաքներում՝ 3000 դրամի, գյուղերում՝ 1000 ՀՀ դրամի չափով, իսկ շրջանառության հետ մեկտեղ անկանխիկ վճարումների դիմաց գանձվող միջնորդավճարները նվազեցվելու են այս գումարից:


12. Արդյո՞ք համակարգը և տնտեսվարողները պատրաստ են հուլիսի 1-ից գործարքների անկանխիկ իրականացմանը:


Եթե տնտեսվարողները համապատասխան կարգավորումները դեռ չեն իրականացրել, ապա նրանք ծանուցումներ կստանան ՀՀ պետական եկամուտների կոմիտեից՝ նշված երկու բանկերից որևէ մեկի միջոցով համապատասխան կարգավորումներն իրականացնելու վերաբերյալ: Ընդ որում՝ համապատասխան ծանուցումը ստանալուց, սպասարկող բանկի մասին տեղեկանալուց և ՊԵԿ հարթակում համապատասխան դիմումը լրացնելուց հետո ՀԴՄ սարքի վրա ծրագրի ակտիվացումը կատարվելու է բանկի կամ մասնագիտացած կազմակերպության կողմից:


Միևնույն ժամանակ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ՝ Օրենքի շրջանակում պարզեցված վարչարարություն իրականացնելու վերաբերյալ: