24.11.2024
Երևանում մեկնարկել է ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստը
prev Նախորդ նորություն

ԵՄ-ում գործող 91 կազմակերպություն կոչ է արել Շառլ Միշելին չարհամարհել հայերի իրավունքները

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախաձեռնությամբ հունիսի 16-ին եվրոպական 91 կազմակերպություններ, որոնք ակտիվ գործունեություն են ծավալում Եվրոպական Միության անդամ երկրներում, նամակ են հղել Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ հայտնելով իրենց խորը դժգոհությունը նրա վերջին հայտարարության առնչությամբ, որը հրապարակվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ 2022 թվականի մայիսի 22-ի եռակողմ հանդիպումից հետո։ Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրությունից:


«Կազմակերպությունները ողջունում են Շառլ Միշելի կողմից խաղաղությանն ուղղված միջնորդական ջանքերը: Այնուամենայնիվ, նրանք անհրաժեշտ են համարում, որ խաղաղության բանակցությունները հիմնված լինեն արդարության վրա, երբ չեն արհամարհվի հայկական կողմի հիմնարար իրավունքներն ու կարիքները, նամանավանդ, որ վերջինս 2020թ․ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ագրեսիայի զոհ է դարձել»,- նշված է հաղորդագրության մեջ:


Նամակը ստորագրած կազմակերպությունները ցավում են, որ մայիսի 23-ի հայտարարությունն արհամարհում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵՄ-ի փաստաթղթավորված մոտեցումների հիմնական սկզբունքները: Սա վերաբերում է նաև այն փաստին, որ օգտագործվում է «Ղարաբաղ» անորոշ ձևակերպումը «Լեռնային Ղարաբաղի» փոխարեն, որը կոնկրետ տարածք ունեցող քաղաքական միավոր է։ Նամակում մանրամասն անդրադարձ է կատարվում այն հանգամանքին, որ Ադրբեջանի կողմից «Ղարաբաղ» ձևակերպման օգտագործումը միտված է պետական մակարդակով իրականացվող էթնիկ զտման քաղաքականության սպասարկմանը:


Անդրադառնալով 2022 թվականի մայիսի 31-ին Շառլ Միշելի մամուլի խոսնակի հայտարարությանը՝ կազմակերպությունները երախտագիտություն են հայտնում, որ այն կարևոր պարզաբանումներ է մտցրել և ընդգծել հիմնարար սկզբունքներ։ Կազմակերպությունները հույս են հայտնում, որ ԵՄ-ի ապագա միջնորդությունը կհանգեցնի արդար և տևական խաղաղության հասնելու բանակցությունների մեկնարկին: Այդ նպատակով կոչ է արվում Եվրոպական խորհրդի նախագահին միջնորդությունը հիմնել վեց կոնկրետ կետերի վրա: