Գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետություն. Բեգլարյանը՝ Ալիևին
Այո, Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, քանի որ գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետություն, եւ սա միջազգային իրավունքի սուբյեկտ է՝ թեեւ միջազգային մակարդակով պաշտոնապես ճանաչված չէ։ Այս մասին գրել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը՝ պատասխանելով Իլհամ Ալիևին:
"Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը չի լուծվել եւ չի լուծվի այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը հաշվի չի առնում Արցախի բնիկ ժողովրդի ինքնորոշման իրավունքը։
Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման (հետեւաբար՝ կարգավիճակի) հարցը վաղ թե ուշ կլուծվի, եւ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում։
Ավելի լավ կլիներ Ալիեւը «անհանգստանալու» փոխարեն ավելի շատ մտածեր Ադրբեջանի Սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունների բարեխիղճ իրականացման մասին՝ երաշխավորելով սեփական քաղաքացիների իրավունքները։
Գուցե Ալիեւը հանկարծ հիշի, թե ինչ է պատահել Խորհրդային Ադրբեջանի ավելի քան 500 հազար հայերի հետ, թե՞ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքներում կա գոնե մեկ հայ։
Իլհամ Ալիեւին ուղղված մի շարք այլ հարցեր եւ պատասխաններ կան, բայց դրանք կթողնեմ ձեր ներկայացմանը",- գրել է Բեգլարյանը։