Թուրքիան պայմանավորում է հայ-թուրքական գործընթացը Բաքվի հետ հարաբերություններով
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության արտաքին հարաբերությունների գծով փոխնախագահ Էֆքան Ալան հաստատել է Անկարայի և Երևանի հարաբերությունների կարգավորման և Բաքվի և Երևանի հարաբերությունների միջև կապը։
«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում մենք գործում ենք Ադրբեջանի հետ համագործակցության շրջանակներում»,- ասել է նա, հայտնում է haqqin.az-ը։ Խոսելով Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունների մասին՝ փոխնախագահն ընդգծել է, որ «բոլորին խորհուրդ է տրվում դասեր քաղել այս եղբայրությունից»։
Նրա խոսքով, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում հանդիպումները շարունակվում են։
«Տեղի են ունեցել հատուկ ներկայացուցիչների հանդիպումներ։ Մենք անհամբեր սպասում ենք հարաբերությունների բարելավմանը։ Հուսով եմ, որ մյուս կողմն էլ է դրան ձգտում։ Կհասնեն այնպիսի արդյունքների, որոնք օգտակար են ոչ միայն երկու երկրների, այլև տարածաշրջանի բոլոր պետությունների համար»,- ասաց նա։