Հունիսի 15-ից կանոնավոր կաշխատի լաստանավային հաղորդակցությունը. Քերոբյան
2021 թ. էլեկտրոնային թվային ստորագրությունների փոխադարձ ճանաչման գործընթացում գործընկերների հետ քննարկվել եւ համաձայնեցվել է փոխադարձ ճանաչման գործընթացի իրականացման միջոցառումների պլան: Այս մասին տեղեկացրել է Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը Տարածաշրջանային ու եվրասիական ինտեգրման ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների հունիսի 6-ի համատեղ նիստում «ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ:
Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է Բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման համաձայնագրի, ինչպես նաեւ Ազգային ռեժիմից բացառություն կամ կրկնակի բացառություն իրականացնելու մեխանիզմների մշակման աշխատանքներին:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ներկայացմամբ` 2021 թ. առեւտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ նախորդ տարվա համեմատ աճել է 20,7 տոկոսով: Օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքը 2020 թ. եղել է բացասական, իսկ 2021 թ.` դրական: 2021 թ. Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովն ընդունել է սակագնային կարգավորման 18 որոշում:
Վահան Քերոբյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, անդրադարձել Լարսի անցակետում բեռնափոխադրումների մասով առաջացած խնդիրներին եւ լուծման հնարավոր ուղիներին: Նրա խոսքով` շարունակվում են աշխատանքներն ու քննարկումները ռուս եւ վրացի գործընկերների հետ` աշխատանքային բնականոն ռեժիմին վերադառնալու ուղղությամբ: Նախնական պայմանավորվածությամբ` հունիսի 15-ից կանոնավոր կաշխատի լաստանավային հաղորդակցությունը:
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը նշել է, որ ԵԱՏՄ աշխատանքներին ակտիվ ներգրավվածությունն ու համագործակցությունը 2021 թ. եւս շարունակել է մնալ Հայաստանի վարած տնտեսական քաղաքականության առաջնահերթություններից մեկը:
Նախորդ տարի անցկացվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 3, Եվրասիական միջկառավարական խորհրդի 4, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 14 նիստ: Ստորագրվել է «Փոխադրումների հետագծելիության համար ԵԱՏՄ-ում նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագիրը: Մեկնարկել է «Աշխատանք առանց սահմանների» Եվրասիական տնտեսական միության շրջանակում թվային տեխնիկական նախագծերի իրականացումը, ուժի մեջ է մտել «ԵԱՏՄ երկրների աշխատողների կենսաթոշակային ապահովման մասին» համաձայնագիրը, հաստատվել է «Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման մինչեւ 2025 թ. ռազմավարական ուղղությունները» փաստաթուղթը: