Գնել Սանոսյանն ու Ղազախստանի դեսպանը քննարկել են ապրանքաշրջանառության խթանումը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպան Բոլատ Իմանբաևին։
ՏԿԵ նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ժամանակ քննարկվել է ՀՀ մարզերի և ՂՀ ակիմաթների միջև միջտարածաշրջանային համագործակցության զարգացման վերաբերյալ հարցեր։
Նախարարությունից հայտնում են, որ դեռևս ապրիլ ամսին ՀՀ մարզերի և ՂՀ ակիմաթների միջև միջտարածաշրջանային համագործակցության զարգացման վերաբերյալ տեսակոնֆերանս էր կազմակերպվել, հանգամանալից քննարկվել էին համագործակցության հնարավորությունները։ Առաջիկայում սպասվում են նաև փոխադարձ այցելություններ։
Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև հունիսի 2-ին Ալմաթի-Երևան-Ալմաթի առաջին թռիչքի կազմակերպման վերաբերյալ հարցեր։
Նախարարը բարձր է գնահատել թե՛ միջտարածաշրջանային համագործակցության կարևորությունը, և թե՛ Ալմաթի-Երևան-Ալմաթի ուղիղ չվերթերի մեկնարկը, որը կարող է դրական անդրադառնալ ինչպես տուրիզմի, այնպես էլ Ղազախստանի հետ ապրանքաշրջանառության ավելացման վրա։
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի օրերին։