26.11.2024
Լայնածավալ վեթինգ իրականացնելու համար անհրաժեշտ են սահմանադրական բարեփոխումներ. նախարար
prev Նախորդ նորություն

Լիտվայի նախագահը խոստացել է աջակցել հայկական մշակութային ժառանգության պահպանմանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով:


Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարությունը.


«Ինձ համար մեծ պատիվ է այսօր Երևանում հյուրընկալել Լիտվայի Հանրապետության նախագահին:


Մեր երկրների միջև բարձրաստիճան այցերը վկայում են դարերի խորքից եկող ամուր կապերի և նույնական արժեհամակարգի վրա խարսխված մեր հարաբերութ­յուն­նե­րի շարու­նա­կա­կանության, ինչպես նաև երկկողմ համագործակցությունն առավել ընդլայնելու վճռականության մասին։


Նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ մենք փոխըմբռնման մթնոլորտում հանգամանալից քննարկեցինք հայ-լիտվական հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարներն, ինչպես նաև երկկողմ բարեկամական հարաբերություններին առնչվող օրակարգային հարցերի լայն շրջանակ:


Վերահաստատվեց միջպետական հարաբերությունները խորացնելու երկուստեք պատրաստակամությունը:


Հատուկ անդրադարձ կատարվեց երկկողմ տնտեսական համագործակցության խորացման և առևտրաշրջանառության ծավալների ավելացման հնարավորություններին:


Այդ համատեքստում քննարկվեցին արդյունաբերության, ՏՏ, վերականգնվող էներգիայի և այլ ոլորտներում փոխգործակցության հեռանկարները:


Ուրախ ենք արձանագրել, որ Լիտվայի նախագահի պատվիրակության կազմում ընդգրկված են Լիտվայի առաջատար ԲՈՒՀ-երի ռեկտորներ, ինչը կրթության և գիտության բնագավառում երկկողմ համագործակցության կարևորության ապացույցն է:


Քննարկվեցին տարածաշրջանում հարատև խաղաղություն հաստատելուն ուղղված Հայաստանի ջանքերը: Լիտվայի և Հայաստանի տեսակետներն այս հարցում նույնական են:


Հատուկ ընդգծվեց Արցախում և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային կոթողների պահպանման անհրաժեշտությունը: Նախագահ Նաուսեդան խոստացավ ամեն կերպ աջակցել հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանմանը:


Այս համատեքստում կարևորվեց UNESCO-ի փորձագիտական առաքելության այցը Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում:


Անդրադարձ կատարվեց ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին և դրա շրջանակներում իրականացվող ծրագրերին:


Ավարտելով խոսքս, հարգարժա՛ն պարոն նախագահ, կրկին շնորհակալ եմ անկեղծ քննարկումների համար և սիրով խոսքը տրամադրում եմ Ձեզ»: