Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին օրենքը վերջնական տեսքի կբերվի
Մարտի 23-ին խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու կառավարության առաջարկած նախագիծը։
Հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը նշեց, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է իրավական պրակտիկայում ծագած որոշ հարցերի կարգավորմամբ։ Փաստաթղթում առաջարկվում է, որ հիվանդության նպաստների տրամադրման աշխատանքային օրերի հաշվարկը և ժամանակավոր անաշխատունակության ժամկետի երկարաձգումը չպետք է կապվի հաշմանդամության խմբի որոշման կամ խմբի վերանայման հետ։
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, համազեկուցող Լիլիթ Ստեփանյանը նշեց, որ փորձ է արվել ներդաշնակեցնել նախագծի լեզուն եւ տերմինաբանությունը միջազգային փաստաթղթերին։ Մասնավորապես, գործող իրավական նորմերին համապատասխան հստակեցվել է «հաշմանդամություն ունեցող անձ» հասկացությունը։ Նշվել է, որ նախագիծն ընդունվելու դեպքում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի որոշման մեջ։
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանն առաջարկեց կողմ քվեարկել օրինագծին, իսկ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում այն վերջնական տեսքի բերել ներկայացված առաջարկներով։