Պատգամավորը նշել է երեք կետ, որոնք կարող են հանգեցնել Արցախի վերջնական կորստին
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը նշել է երեք կետ, որոնցից յուրաքանչյուրը կարող է հանգեցնել Արցախի ամբողջական և վերջնական կորստի։
Ելույթ ունենալով խորհրդարանական արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում՝ պատգամավորը նշեց, որ առաջին կետն Արցախին Ադրբեջանի կազմում կարգավիճակ տալն է, երկրորդը՝ Արցախի անկլավային կարգավիճակը, երրորդը՝ եթե Հայաստանը դադարի լինել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորը: «Այս կետերից յուրաքանչյուրը կարող է հանգեցնել Արցախի հայ բնակչության արտագաղթի և վերջնական կորստի»,- ասաց Ռուստամյանը։
Նա հանձնաժողովի նիստին ներկա ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց, թե ինչ քայլեր են ձեռնարկվում իր նշած կետերը բացառելու համար։
Նախարարը պատգամավորի հարցին ուղիղ պատասխան չտվեց՝ ասելով միայն. «Դուք կարծես ներկայացնում եք ձեր կուսակցության մոտեցումները։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և կառավարությունն ունեն իրենց մոտեցումները, որոնք հիմնված են տարածաշրջանում խաղաղության ապահովման նպատակի վրա»։
Նա նշել է, որ խաղաղության ապահովման ամենակարեւոր բաղադրիչը արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերսկսումն է եւ դրան հաջորդած Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ համապարփակ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ «Մենք առաջնահերթ և սկզբունքային ենք համարում Արցախի ժողովրդի իրավունքների և Արցախի կարգավիճակի հարցը»,- եզրափակեց նա։