Չկարծեք, թե կարող եք Հայաստանի հետ խոսել այն ձևով, ինչպես Փաշինյանի հետ. կոչ Լուկաշենկոյին
Բոլորը վրդովված են Լուկաշենկոյի խոսքերից, մինչդեռ պետք է հասկանալ դրա պատճառները: Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ մեկնաբանելով Բելառուսի նախագահի աղմկահարույց հայտարարությունը:
"Իսկ պատճառները հասկանալու համար պետք է լսել Սերժ Սարգսյանի ու Լուկաշենկոյի խոսակցության ձայնագրությունն ու տարբերել, թե ինչպես էին մինչև 2018 թվականը խոսում Հայաստանի ղեկավարի հետ առանց տեսախցիկների ու ինչպես են խոսում Նիկոլ Փաշինյանի հետ հիմա՝ տեսախցիկների առաջ",- ասաց նա:
Մամիջանյանը նշեց՝ Բելառուսի նախագահը հարցազրույցում իրեն թույլ է տվել արտահայտություններ, որոնք անընդունելի են.
"Հայաստանը գնալու տեղ ունի, ավելին՝ Հայաստանը հստակ նպատակներ ունի և շարունակելու է մնալ Եվրոպան ու Ասիան կապող աշխարհաքաղաքական հանգույց: Հայաստանն ու Արցախը եղել են ու շարունակելու են մնալ քրիստոնյա աշխարհի դարպասը, Հայաստանը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի արդար ինքնորոշման երաշխավորն ու աջակիցը: Մենք ոտքի ենք կանգնելու ու մաքրելու ենք կապիտուլյացիայի ու դրա պատճառը հանդիսացող խմբակին վերընտրելու խայտառակ խարանից",- հայտարարեց պատգամավորը:
Մամիջանյանը նաև դիմեց Ալեքսանդր Լուկաշենկոյին.
«Մի նույնականացրեք Հայաստանն ու Նիկոլ Փաշինյանին: Երբեք չկարծեք, թե Հայաստանի հետ կարող եք խոսել այն նույն ձևով, ինչպես խոսում եք Փաշինյանի հետ»: