Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանն առաջարկել է Ադրբեջանից պահանջել անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում նա փոփոխություն է առաջարկել Ներկայացուցիչների պալատի Դիվանագիտական ծառայության մասին օրենքում (H.R. 9086), որը «կոչ է անում Ադրբեջանին անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին ու քաղբանտարկյալներին»։ Քաղաքական գործիչը հիշեցրել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ագրեսիայի և շուրջ 2 հազար տարի այնտեղ ապրող ավելի քան 100 հազար հայերի էթնիկ զտումների մասին: Նա մատնանշել է նաև համացանցում տարածված այն կադրերը, որոնք փաստում են հայ գերիների արտադատական մահապատժի դեպքերը: «Հաշվի առնելով այս ամենը՝ չափազանց կարևոր է, որ Միացյալ Նահանգները Բաքվից պահանջի անհապաղ ազատ արձակել բոլոր գերեվարված հայերին», — հայտարարել է նա Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում։ Շերմանը նաև նշել է, որ պատանդների ազատ արձակումն ուղղակիորեն կապված է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործադրած ջանքերի հետ։ «Քանի որ նախագահ Թրամփը շարունակում է Հարավային Կովկասում տևական խաղաղության ապահովմանն ուղղված իր ջանքերը, հայ ռազմագերիների և քաղբանտարկյալների ազատ արձակումը կարևոր քայլ կլիներ այդ ճանապարհին», — հայտարարել է նա։ Առաջարկին կողմ է արտահայտվել հանձնաժողովի նախագահ, հանրապետական Բրայան Մաստը։ Այժմ սպասվում է այս փոփոխության վերաբերյալ անվանական քվեարկություն։ Ընդունվելու դեպքում նախագիծը կփոխանցվի Ներկայացուցիչների պալատի քննարկմանը։ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ողջունել է երկկուսակցական հանձնաժողովի այս որոշումը։ «Ադրբեջանում հայ պատանդների ապօրինի կալանավորումը մարդու իրավունքների իսկական ճգնաժամ է, ինչը Կոնգրեսից վճռական քայլեր է պահանջում: Մենք բարձր ենք գնահատում հանձնաժողովի նախագահ Մաստի աջակցությունը Շերմանի նախաձեռնությանը ևգերիներին անհապաղ ու անվերապահորեն ազատ արձակելու հարցում հանձնաժողովի երկկուսակցական հաստատակամ դիրքորոշումը», – հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։