Վրաստանը Ֆրանսիայի հետ համաձայնագիր է ստորագրել հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու վերաբերյալ, հայտնում է «Նովոստի Գրուզիան»՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը: Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան համաձայնագիրը ստորագրել է Ֆրանսիա այցի ժամանակ: Նրա խոսքով՝ այս պայմանագրով ապագայում հնարավոր կլինի ՆԱՏՕ-ի միասնական կառավարման ու վերահսկման համակարգին ինտեգրումը: «Սա զգալիորեն կնպաստի օդային պաշտպանության բաղադրիչում մեր երկրի պաշտպանունակության ամրապնդմանը, ինչը մեր օդային տարածքի պաշտպանության եւ դրանով Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու պաշտպանության կարեւոր երաշխիքն է»,- ասել է Իզորիան: Գործարքի գումարը եւ այլ մանրամասներ չեն հրապարակվում: Վրաստանը 2015 թվականի ամռանը Ֆրանսիայի հետ 2 համաձայնագիր էր ձեւակերպել հակաօդային պաշտպանության համակարգերի գնման մասին: Մեկը ստորագրվել է MBDA հրթիռային համակարգերի ֆրանսիական արտադրողի հետ, երկրորդը՝ Thales LAS SAS միջազգային ընկերության հետ: Thales LAS SAS-ը 2017 թվականի դեկտեմբերին Վրաստան է մատակարարել ռադիոտեղորոշման կայաններ եւ կառավարման շարժական կենտրոններ, իսկ 2018-ի հոկտեմբերի սկզբին Թբիլիսին ստացել է մոտ հեռահարության MBDA զենիթահրթիռային համակարգեր: