9.07.2026
Նիկոլ Փաշինյանի ու Արմեն Սարգսյանի Սուրբծննդյան շնորհավորանքները
06.01.2020
Նիկոլ Փաշինյանի ու Արմեն Սարգսյանի Սուրբծննդյան շնորհավորանքները

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում շնորհավորանք է հղել՝ մեջբերելով Մատթեոս 5.3–12, Ղուկաս 6.20–23. «Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ. մեզ եւ ձեզ Մեծ Ավետիս։ – Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։ – Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն։ – Երանի՜ հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն։ – Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան։ - Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն։ – Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն։ – Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչվեն։ – Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։ – Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար խոսք՝ սուտ ասեն։Ցնծացե՛ք և ուրախացե՛ք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպես հալածեցին մարգարեներին,որոնք ձեզնից առաջ են եղել»,- գրել է նա։ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ևս շնորհավորական ուղերձ է հղել Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ։ «Աշխարհասփյուռ սիրելի հայրենակիցներ, Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: Սուրբ ծնունդը սիրո, բարության, հույսի և հավատի խորհրդանիշ է, տոն, որը մեր ժողովուրդը նշում է հոգու ցնծությամբ: Այս սրբազան տոնը մեզ հուշում է ավելի հոգատար լինել մեր ազգային տան, մեր ընտանիքի ու մերձավորների, մեր հավատքի ու հոգևոր արժեքների, միմյանց հանդեպ: Սուրբ Ծննդյան տոնը ամեն տարի իր հետ բերում է մեր կյանքում դրական փոփոխությունների հույս: Այստեղ կարևորը ոչ թե ժամանակի փոփոխությունն է մարդու կյանքում, այլ մարդու կյանքի փոփոխությունը ժամանակի մեջ: Ուստի կարողանանք այնպես ապրել, որ այդպիսի փոփոխությունները միմիայն դրական հետևանքներ ունենան բոլորիս համար: Մեր ազգը շատ իղձեր ունի ամբարած իր հոգում, թող Աստծո զորությամբ այդ իղձերն ի կատար ածվեն: Մաղթում եմ առողջություն, հոգեկան և մարմնական ուժերի ամրություն, խաղաղություն, բարօրություն: Քրիստոս ծնվեց և հայտնվեց: Ձեզ և մեզ մեծ ավետիս»: