ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ դեմ է Վրաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանմանը հենց «վրաց ժողովրդի նկատմամբ ունեցած հարնգանքից» ելնելով: Ինչպես հայտնում է Կոմերսանտը, ՌԴ նախագահն այդ մասին հայտարարել է Եկատերինբուրգում: «Ես դա չէի անի (պատժամիջոցներ չէի կիրառի)՝ հենց վրաց ժողովրդի հանդեպ հարգանքից ելնելով»,- ասել է ՌԴ նախագահը լրագրողներին: «Ինչ-որ մեկը, ինչ-որ բան է հայտարարել՝ փորձելով իրենից ինչ-որ բան ներկայացնել», - ասել է նախագահը: Ավելի վաղ նման նախաձեռնությամբ էր հանդես եկել ՌԴ խորհրդարանի ստորին պալատը՝ Պետդուման: Պատճառը «չդադարող հակառուսական սադրանքներն են»: Նախագահը նաև մեկնաբանել է իրեն վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում վիրավորած հաղորդավար Գեորգի Գաբունիայի դեմ քրեական գործ հարուցելու հարցը: «Մեծ պատիվ կլինի ինչ-որ քրեական գործեր հարուցելը, թող շարունակեն հեռարձակել»,- ասել է ՌԴ նախագահը: Վրաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման թեման ՌԴ-ում սկսեցին ակտիվորեն քննարկել այն բանից հետո, երբ անցած կիրակի երեկոյան «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիան իր «P.S.» հեղինակային ծրագիրը սկսեց ՌԴ նախագահի հասցեին հայհոյանքներ տեղալով: Մեծ թվով օգտատերեր, Վրատսանի քաղաքացիներ ու պաշտոնական շրջանակներ քննադատել են Գաբունիային և մտավախություն հայտնել, որ վրաց-ռուսական հարաբերությունները կարող են է՛լ ավելի սրվել: Հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հայտարարել է, որ անթույլատրելի է համարում հայհոյանքը եթերում, թեև կիսում է հեռուստահաղորդավարի կարծիքը: Վրաստանում մի քանի հարյուր մարդ եթերից հետո հավաքվել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության շենքի մոտ՝ պահանջելով ազատել աշխատանքից հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիային, որն ուղիղ եթերում հայհոյել ու վատ է արտահայտվել Ռուսաստանի Դաշնության նախագահի հասցեին: Այս առնչությամբ քննադատությամբ են հանդես եկել և՛ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, և՛ երկրի ԱԳՆ-ն՝ քննադատելով հաղորդավարի ելույթը և այն սադրանք որակելով: