6.08.2025
Մասիս Մայիլյանը ԿԽՄԿ-ի հետ քննարկել Ադրբեջանում հայտնված է ՊԲ զինծառայողի ճակատագիրը
19.08.2019
Մասիս Մայիլյանը ԿԽՄԿ-ի հետ քննարկել Ադրբեջանում հայտնված է ՊԲ զինծառայողի ճակատագիրը

Օգոստոսի 19-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Պիեր-Էմանուել Դուկրուեին։ Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում դեռևս չպարզված հանգամանքներում Ադրբեջանի տարածքում հայտնված Արցախի Հանրապետության ՊԲ զինծառայող Արայիկ Ղազարյանի հետագա ճակատագրի վերաբերյալ: Այս համատեքստում ընդգծվել է միջազգային մարդասիրական իրավունքին հետևելու հակամարտության կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է առկա փոխգործակցության շարունակության կարևորությունը, և հաստատել Արցախի արտաքին գործերի նախարարության պատրաստակամությունը՝ հնարավորինս աջակցել Կարմիր Խաչի գործունեությանը: Օգոստոսի 12-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին հայ զինծառայողի կողմից մարտական դիրքը լքելու վերաբերյալ: Ավելի ուշ Արցախի Պաշտպանության բանակից հաստատեցին, որ Ադրբեջանի տարածքում հայտնված զինծառայողը Արայիկ Հայկի Ղազարյանն է, ով ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, լքել է մարտական դիրքը: Ադրբեջանական կողմը պնդում է, թե զինծառայողին ձերբակալել են Ֆիզուլիի մարտական դիրքի մոտակայքում, և որ նրա «դասալքության պատճառը եղել է զորամասում անմարդկային վերաբերմունքը»: Հայկական կողմը այդ տեղեկությունները քարոզչություն է որակում և զինծառայողին հետ վերադարձնելու նպատակով դիմել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին: