Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետի հատուկ ներկայացուցիչ Արֆենյա Տեր-Մինասովայի և ՌԴ ԱՊՀ երկրների և տարածաշրջանների վարչության ԱՊՀ երկրների բաժնի պետ Տատյանա Մուդրովայի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ Առողջապահության նախարարությունից, քննարկվել են համագործակցության հնարավոր ոլորտները` գլխուղեղի կաթվածների բուժման ծրագրից մինչև վերականգնողական թերապիա և ուռուցքաբանություն: Արֆենյա Տեր-Մինասովան վստահեցրել է, որ Հայաստանը Ռուսաստանի քաղաքացիների համար առողջապահական տուրիզմի առումով պահանջված երկիր է: Նախարարը հյուրերին հրավիրել է մասնակցելու հոկտեմբերի 5-7-ը Հայաստանում նախատեսված ուռուցքաբանական ֆորումին: Իսկ ռուսական կողմն Անահիտ Ավանեսյանին հրավիրել է Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու հոկտեմբերի 25-27-ն անցկացվելիք Առողջության միջազգային 10-րդ ֆորումին». նախատեսվում է առաջիկա ծրագրերի ճանապարհային քարտեզի քննարկում, ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ պատվիրակության ներկայացուցիչներն իրենց ցավակցությունն են հայտնել նաև Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով մարդկային կորուստների համար: