30.06.2025
Արգենտինայում հասարակությունը մտահոգված է Լաչինի միջանցքի շրջափակման հարցով. դեսպան
02.05.2023
Արգենտինայում հասարակությունը մտահոգված է Լաչինի միջանցքի շրջափակման հարցով. դեսպան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 2-ին հանդիպել է ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիանո Վերգարայի հետ: Ողջունելով հյուրին` Սարգիս Խանդանյանը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-արգենտինական հարաբերությունների ներկա մակարդակը: «Մեզ համար Արգենտինան բարեկամ երկիր է. երկկողմ կապերի զարգացման գործում մեծ է Արգենտինայում ապրող մեծաթիվ հայ համայնքի դերակատարությունը»,- ընդգծել է հանձնաժողովի նախագահը: Խոսելով միջխորհրդարանական հարաբերությունների մասին` Սարգիս Խանդանյանն արժեւորել է Արգենտինայի Սենատի, Պատգամավորների պալատի եւ Հայաստանի Ազգային ժողովի բարեկամական խմբերի սերտ աշխատանքը: Հանձնաժողովի նախագահը կարեւորել է առեւտրի, զբոսաշրջության, գյուղատնտեսության եւ մի շարք այլ ոլորտներում փոխգործակցությունը: Սարգիս Խանդանյանը դեսպանին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, անդրադարձել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը: Դեսպանն ընդգծել է, որ երկու երկրների միջեւ կապերը խորն են: Ըստ Մարիանո Վերգարայի` Արգենտինայում հասարակությունը մտահոգված է Լաչինի միջանցքի շրջափակման հարցով: Նշվել է, որ շուտով Հայաստան կժամանի Սենատի Արգենտինա-Հայաստան բարեկամության խումբը: