Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ՝ հոկտեմբերի 1-ը հռչակվել է Արցախի համար համազգային աղոթքի օր: Մայր Աթոռի սրբազան պահոցներից դուրս կբերվեն տարբեր սրբություններ, որոնք առաջնորդանիստ ու խոշոր համայնքներ ունեցող եկեղեցիներ կտարվեն՝ մարդկանց օրհնություն, ուժ և զորություն փոխանցելու համար: Սուրբ Թադեոս առաքյալի մասունքը կբերվի Մասյացոտնի թեմի Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ եկեղեցի, որտեղ, հավարտ Սուրբ Պատարագի, հանդիսապետությամբ թեմակալ առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի՝ կկատարվի հատուկ աղոթք: Այնուհետև Սրբի մասունքը կտարվի Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցի: Թեմի մյուս եկեղեցիներում ևս, հավարտ Սուրբ Պատարագի, կկատարվի աղոթք՝ հանուն Արցախի և արցախահայության: