Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է Օսակայում անցկացվող «EXPO 2025»-ի բացման արարողությանը՝ ներկայացնելով երկրի նորարարական տաղավարը, որը շեշտադրում է անցյալի ժառանգության և ապագայի տեսլականների համադրման վրա։ Ապրիլի 12-13-ը Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը։ Հայաստանը ներկայանում է նորարարական ազգային տաղավարով՝ «Այսօրվա և վաղվա սյուները» խորագրով, որի համակարգումը իրականացնում է Էկոնոմիկայի նախարարությունը։ Նախարարին ուղեկցել է Ճապոնիայում ՀՀ դեսպան Արեգ Հովհաննիսյանը։ Ցուցահանդեսը հնգամյակի կարևորագույն միջազգային միջոցառումներից է, որին մասնակցում է ավելի քան 160 երկիր, իսկ այցելուների թիվը կանխատեսվում է հասնի շուրջ 28 միլիոնի։ Միջոցառումը ներկայացնում է տեխնոլոգիաների, առողջապահության, կայուն տնտեսության և քաղաքաշինության ոլորտներում վերջին ձեռքբերումները։ Հայաստանի ազգային տաղավարը բաղկացած է ութ «սյուներից», որոնք խորհրդանշում են մեր երկրի հիմնական ուղղությունները՝ հնագույն պատմությունից և ստեղծարար մտածողությունից մինչև ժամանակակից տեխնոլոգիաներ ու խաղաղությանն ուղղված հանձնառություն։ Տաղավարում ներկայացված են նաև ՀՀ կառավարության մեգանախագծերը՝ «Խաղաղության խաչմերուկը», Գյումրիի չոր նավահանգիստը, «Ակադեմիական քաղաքը» և «Ինժեներական քաղաքը»։ Բացի այդ, տաղավարը շեշտադրում է Հայաստանի ներդրումային բարենպաստ միջավայրը և զբոսաշրջության հիմնական ուղղությունները։ Հատուկ ուշադրություն է դարձվում կրթական նորարարական նախաձեռնություններին՝ ՔՈԱՖ, Արմաթ, ինչպես նաև՝ Հայաստանի տեսլականին կրթության ապագայի վերաբերյալ։ Ներկայացվում է նաև Թումոյի միջազգային ցանցը՝ առանձնահատուկ ընդգծմամբ Թումո Գունմա կենտրոնի, որը հունիսի 1-ին կբացվի Տակասակիում՝ որպես Հայաստանում ստեղծված կրթական մոդելի արտահանման օրինակ։ Նախարար Գևորգ Պապոյանն ընդգծել է նման հարթակներում Հայաստանի ներկայանալու կարևորությունը՝ նշելով, որ դա հնարավորություն է երկրի ներուժը ներկայացնելու միջազգային հանրությանը, խթանելու համագործակցությունը և ընդլայնելու երկխոսությունը տարբեր ոլորտներում։