Արմավիրի ՔԿՀ-ում մահացել է Արցախից բռնի տեղահանված Արտաշես Վարդանյանը: Տեղեկությունը հայտնել է նրա պաշտպան Էրիկ Բեգլարյանը։ Պաշտպանի խոսքով՝ Վարդանյանը երկար ժամանակ բողոքել է առողջական վիճակի վատթարացումից, սակայն նրան չեն տեղափոխել հիվանդանոց և չեն ապահովել պատշաճ բժշկական օգնություն։ Էրիկ Բեգլարյանը դիմել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանին և գլխավոր դատախազին՝ պահանջելով անցկացնել ուղիղ և լիարժեք քննություն Վարդանյանի մահվան հանգամանքների վերաբերյալ, պարզել՝ արդյոք ՔԿՀ ծառայողների կողմից եղել են անգործություն կամ անփութություն, և տալ իրավական հստակ գնահատական նրանց գործողություններին կամ անգործությանը։ "Կարծում եմ, որ այս դեպքի մանրամասն ուսումնասիրությունը և պատշաճ իրավական արձագանքը կարևոր նշանակություն ունեն ոչ միայն արդարության վերականգնման, այլև նմանատիպ դեպքերը կանխելու տեսանկյունից",- գրել է նա: