5.12.2025
Երեւան քաղաքի եկամուտները 2024 թվականին կավելանան. Տիգրան Ավինյան
02.11.2023
Երեւան քաղաքի եկամուտները 2024 թվականին կավելանան. Տիգրան Ավինյան

2024 թվականին նախատեսվում է Երեւան քաղաքի եկամուտների ավելացում. այս տարի հավաքագրված 38 մլրդ 799 մլն դրամի փոխարեն կանխատեսվում է հավաքագրել 45 մլրդ 259 մլն դրամ: Երեւան քաղաքին հատկացվող դոտացիան նվազում է մոտ 5 մլրդ դրամով` 13,430 մլնից դառնալով 8 մլրդ 436 մլն դրամ: Էականորեն նվազեցվում են նաեւ այն սուբվենցիաները, որոնք նախկինում տրամադրվել են Երեւան քաղաքին. ասել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը` ՀՀ ԱԺ-ում Երեւանի քաղաքապետարանի` 2024 թվականի բյուջետային հատկացումը ներկայացնելիս: «Երեւան քաղաքն այս տարի իրականացնում է մոտավորապես 10 մլրդ դրամի կապիտալ ներդրումային ծրագրեր, որոնք առաջարկվում է չներառել բյուջեի նախագծում»,- ընդգծել է զեկուցողը: Նշվել է, որ այս տարի հիմնանորոգվում է եւ նախատեսվում է շահագործման հանձնել 24 մանկապարտեզ. հաջորդ տարի պլանավորվում է 33, 2025 թվականին` 35 մանկապարտեզ: Տիգրան Ավինյանը խոսել է նաեւ տրանսպորտային ցանցի արդիականացման գործընթացի մասին: Երեւանի քաղաքապետի խոսքով ներկայացված բյուջեի նախագծով ավելի մեծ ծրագրեր ու լայն հնարավորություններ են ստեղծվելու հեռավոր համայնքների համար: Պատասխանելով պատգամավորների հարցերին` քաղաքապետն անդրադարձել է վարչական շրջանների ղեկավարների լիազորությունների ավելացմանը, նորակառույց բազմաբնակարան թաղամասերում որոշ ենթակառուցվածքների, մասնավորապես, մանկապարտեզների եւ դպրոցների բացակայությանը, ապօրինի եւ կիսակառույց շենք-շինությունների քանդմանը: Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ «Երեւաննախագծին» գումար է հատկացվել` իրականացնելու նոր գլխավոր հատակագծի նախագծում? Նշվել է, որ սրան զուգահեռ Երեւանի քաղաքապետարանը նախաձեռնել է հարեւան համայնքների հետ սահմանների ճշտման գործընթաց: Մարզերի ներկայացուցիչները եւս պատասխանել են պատգամավորների հարցերին: