Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդգծել է երկրում սահմանադրական բարեփոխումների անկախ բնույթը։ Փետրվարի 20-ին կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նա նշել է, որ դեռևս 2020 թվականին մեկնարկած սահմանադրական փոփոխությունների գործընթացը հանդիսանում է բացառապես Հայաստանի ներքին գործը և կապ չունի որևէ արտաքին գործընթացների հետ։ Լրագրողների՝ սահմանազատման գործընթացի մեկնարկի ժամկետների վերաբերյալ հարցերին ի պատասխան, Գրիգորյանը հայտնել է, որ աշխատանքային քննարկումների շրջանակներում տեղի ունեցող բոլոր նշանակալի իրադարձությունները հրապարակայնորեն կլուսաբանվեն համապատասխան գերատեսչությունների կողմից։ Նա հիշեցրել է, որ այս հարցով զբաղվում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ղեկավարությամբ գործող աշխատանքային խումբը, և գործընթացի ընթացքի մասին ողջ կարևոր տեղեկատվությունը ժամանակին կհասցվի հանրությանը։ Ավելի վաղ նույն օրը Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է երկրում սահմանադրական բարեփոխումների եզրափակիչ փուլի մասին։ Արդարադատության նախարարի խոսքով՝ նոր Սահմանադրությունը պետք է պատրաստ լինի մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները, որից հետո նախատեսվում է փաստաթուղթը դնել համաժողովրդական հանրաքվեի։ Հայտարարությունները հնչել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իրական Հայաստանի գաղափարախոսության» մասին նոր ծրագրային ելույթի ֆոնին։ Իր ուղերձում վարչապետն ընդգծել է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը՝ նշելով, որ նախկին բոլոր սահմանադրական հանրաքվեները հանրային ընկալման մեջ ունեն լեգիտիմության լուրջ պակաս։ Փաշինյանի կարծիքով՝ նոր Սահմանադրության ռազմավարական նպատակն է անցումը պետականազուրկ ազգի ռելիկտային (մնացորդային) մեխանիզմից դեպի պետականակերտ ժողովրդի մեխանիզմ։