Ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օրեր առաջ Վեդիի բժշկական կենտրոն մահացած վիճակում տեղափոխված քաղաքացու մահվան փաստով: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Մայիսի 4-ին Վեդիի բժշկական կենտրոնից ստացված ահազանգով հիվանդանոց մեկնած ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները պարզել են, որ մահացածը Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացի, 70-ամյա Գյունտեր Կառլ-Հայնց Շմիդտն էր: Արարատի ոստիկանները պարզել են, որ նա մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Խոր Վիրապ վանական համալիրից: Դեպքի մասին տեղեկությունը ոստիկանությունը փոխանցել է Հայաստանում Գերմանիայի դեսպանատուն: Ըստ աղբյուրի՝ մահացածը եղել է զբոսաշրջիկ: Նախնական տեղեկություններով՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, և հնարավոր է, որ նա հանկարծամահ է եղել: