Օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունները միտված են կանխելու սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունները, ինչպես նաեւ պաշտպանելու մարդու կյանքն ու առողջությունը: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 6-ին առաջին ընթերցմամբ քննարկել է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ մախատեսող օրենքների նախագծերի փաթեթը: Նախաձեռնությունը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը: Նախաձեռնությամբ նախատեսվում է կանոնակարգել կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերին ներկայացվող պահանջները՝ սահմանելով գունային տարանջատում: Առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) կաթնամթերքի վաճառքի դեպքում տարանջատված դարակաշարը պետք է ապահովված լինի կանաչ գույնով, իսկ կաթնային յուղի փոխարինիչի դեպքում` նարնջագույնով, ինչը միտված է կանխելու սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունները, ինչպես նաեւ սահմանել կամավոր հիմունքով գունային ինքնակպչուն պիտակների վերաբերյալ դրույթը, առեւտրի օբյեկտներում եւ առեւտրի վայրերում սպառողի կողմից տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի եւ հումքի նույնականացման հետ կապված հարաբերությունները: Ըստ այդմ՝ սպանդանոցային ծագման տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի եւ հումքի N 5 ձեւի անասնաբուժական վկայականը կամ պիտակը պետք է փակցվի սպառողներին տեսանելի տեղում, ինչը սպառողին հնարավորություն կտա նույնականացնել մթերքի կամ հումքի ծագումը: Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ: Քանի որ առաջարկվող կարգավորումների հետ որոշ տարակարծություններ կային, հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի առաջարկով նախագծի վերաբերյալ քվեարկությունը լրացուցիչ քննարկելու նպատակով հետաձգվել է: Աշխատանքային քննարկմանը կհրավիրվեն նաեւ մասնագետներ: Առաջարկն ընդունվել է, հարցի քվեարկությունը տեղի կունենա հանձնաժողովի հաջորդ նիստում: